Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էջմիածնում կորոնովիրուսով քաղաքացու հետ սերտ շփում ունեցած քաղաքացիների մեկուսացման վայրը Էջմիածնի քաղաքապետը չի նշում

Մարտ 12,2020 14:25

Էջմածնի քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է կորոնովիրուս, մեկուսացված է եւ այս պահին գտնվում է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա ինքնազգացողությունը նորմալ է, ծանր չէ, պարզապես բժիշկների հսկողության տակ է: Այսօր այս մասին ասաց  Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում: Մյուս քաղաքացիները, որոնք սերտ շփումներ են ունեցել այդ քաղաքացու հետ, եւ պոտենցիալ վարակակիր են, մեկուսացված են: Թե որտեղ են նրանք այս պահին գտնվում, քաղաքապետն ասաց, որ չի կարող վայրը նշել: Դիանա Գասպարյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե էջմիածնում 3 վարակակիր  կա, որոնց ինքնազգացողությունը հարսանիքի ժամանակ վատացել է:

https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/videos/3636216926449961/

«Այն ինչ կատարվում է համացանցում, այն ինչ խոսվում է փողոցում՝ իրականությանը չի համապատասխանում, այդտեղ գույները թեժացված են եւ ճիշտ տեղեկատվությունը չի հասնում մարդկանց, կարծիքներ են, որոնք ճշտված չեն եւ անհարկի խուճապ են առաջացնում»,-ասաց քաղաքապետը՝  նշելով, որ վարակակիր քաղաքացին անցած կիրակի օրը մասնակցել է նշանդրեքի. «Երեկ երեկոյան այդ անձանց շրջանակը հստակեցվել է եւ փոխանցվել է Առողջապահության նախարարություն, նախարարությունը զտել է այն անձանց, որոնք սերտ շփում են ունեցել եւ կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել եւ տվյալ անձանց մեկուսացրել են, որպեսզի թեսթավորեն՝ տեսնելու նախանշաններ կա՞ն, թե՞ ոչ»:

Դիանա Գասպարյանը նաեւ անդրադարձավ քաղաքում ոստիկանության եւ շտապօգնության մեքենաներին, որոնց առկայությունը մարդկանց մոտ խուճապ է առաջացրել. «Դրանք չեն ժամանել վատացած քաղաքացիներին տեղափոխելու կամ որեւէ մեկի վատանալու պատճառով: Նրանք աշխատում են վարակակիր քաղաքացու եւ նրա ունեցած սերտ շփումը պարզելու եւ տվյալ անձանց մեկուսացնելու նպատակով»:

Քաղաքապետը հորդորեց վստահել իշխանություներին. «Որովհետեւ, այս հարցերով զբաղվում են պրոֆեսիոնալները, ոլորտն ուսումնասիրած մարդիկ, ոլորտի մասնագետները, եւ եթե որոշվել է այս պահին մեկուսացնել այս քանակի մարդկանց, ուրեմն այդպես է նպատակահարմար գտել Առողջապահության նախարարությունը»:

Էջմիածինցիների այն մտահոգությունների առնչությամբ, թե պետք է դպրոցներում դասերը դադարեցնել, քաղաքապետն ասաց, որ դրանք չեն ենթարկվում քաղաքապետարանին եւ մարզպետարանի ենթակայության տակ են, իսկ ավագ դպրոցները՝ ԿԳՄՍ նախարարության:

Էջմիածնում համայնքապատկան կրթօջախներից այս պահին կփակվեն միայն  սպորտդպրոցները: Ըստ Դիանա Գասպարյանի. «Մարզիկներն, ամեն դեպքում, ֆիզիկական կոնտակտ միմյանց հետ շատ են ունենում եւ տվյալ դեպքում դժվար կլինի ստերիլությունն ու ախտահանման գործընթացը պատշաճ կազմակերպել»:

Սպորտդպրոցները կփակվեն մեկ շաբաթով: Նրա խոսքով, այսօր վաղ առավոտից Էջմիածնի բոլոր մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերով. երեխաների ձեռքերն ախտահանվում են, տարածքը՝ նույնպես: Ասաց, որ հիգիենայի հետ կապված աշխատանքները իր հսկողության տակ են եւ այս պահին մանկապարտեզները փակելուն հակված չեն, քանի որ կան ծնողներ, որոնք աշխատում են եւ երեխաներին խնամող չունեն:

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ոստիկանությունը հսկելու է, որպեսզի պոտենցիալ վարակակիրները խստությամբ պահեն ինքնամեկուսացման ռեժիմը: Ասաց նաեւ, որ կչեղարկվի այսօր Էջմիածնի Զվարթնոց թաղամասում իր նախաձեռնությամբ «Այո»-ի քարոզարշավը՝ հաշվի առնելով, որ Էջմիածնում կա մեկ դեպք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031