«Հայաստան ժամանող բոլոր ուղեւորներին, նաեւ՝ բոլոր էպիդ զոնաներից, հնարավոր չէ բոլորին մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ մեկուսացնել որեւէ երկրում: Օրինակ՝ Չինաստանից ժամանած մեր հարյուրավոր քաղաքացիներից որեւէ մեկի մոտ, բարեբախտաբար, վիրուսը չի հայտնաբերվել, նաեւ՝ Եվրոպայից ժամանածների»,- այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու Իտալիայից ժամանած բոլոր քաղաքացիներին ի սկզբանե չեն մեկուսացրել:
Երեկ կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել, այս 3 քաղաքացիներն էլ Հայաստան են ժամանել Իտալիայից: Նրանցից 2-ը ՀՀ քաղաքացի են, 1-ը՝ Իտալիայի:
Այսօր կառավարության նիստին Արսեն Թորոսյանը տեղեկացրել է՝ 10 քաղաքացու մեկուսացրել են, նրանք հատուկ պահման վայրում են, Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցում:
Թորոսյանը վստահեցրեց՝ Հայաստանում ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան. «Մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի հետ անմիջական շփվողներին, ինչով մենք հիմա զբաղվում ենք եւ զբաղվել ենք առաջին դեպքի ժամանակ, երբ ինքնաթիռի մեջ եղած երկու շարք առաջ եւ երկու շարք հետո մեկուսացնում էինք: Հիմա փոխվել է՝ մեկ շարք են խորհուրդ տալիս»:
Կարդացեք նաև
Նախարարի փոխանցմամբ՝ երեկվանից վիրուսակիր 3 անձանց հետ անմիջական շփումներ ունեցած անձանց մեկուսացնում են, նաեւ իրականացնում են այդ անձանց շրջանակները պարզելու գործընթացներ. «Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, որոնցից բոլորը հայտնի են, եւ նրանց իդենտիֆիկացրել ենք, ընդ որում, բացարձակ կապ չունի, թե մեծ շրջանակն ինչ հանգամանքներով են իրար հետ շփվել, դա կարող է լինել խանութում, հարեւանի հետ կամ միջոցառման մասնակցել: Այդ շրջանակը հնարավոր է 50 դառնա, նրանց մեկուսացնելու որոշում կկայացվի: Իտալիայի քաղաքացու շրջանակն էլ է մեծ, բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, ու չեն լքելու այն: Դա առանձնացված շենք է, այլ մարդիկ չեն ապրում այնտեղ, այդ ընտանիքները չեն լքի բնակավայրը»:
Քննադատություններին, թե ինչու են այդ անձանց թողել տուն գնան, լավ չեն կազմակերպում կանխարգելիչ միջոցառումները, Թորոսյանը պատասխանեց՝ Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները, եւ մեր հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, տեսչական մարմինը, ոստիկանությունը, եւ մյուս գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են, եւ այն, ինչ արվում է, դրանից ավելին իմաստ չունի, ցուցված էլ չէ:
«Մեր խնդիրն է՝ դեպքը վաղ հայտնաբերել, թեստավորել, կոնտակտավորների շրջանակը պարզել ու փոխանցման ուղին կոտրելն է, դրանից ավել բան որեւէ վարակիչ հիվանդության ժամանակ չի արվել: Կարմրուկի դեպքում էլ նույնն է արվել, իսկ կարմրուկը 10 անգամ ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսը»,-ասաց նախարարը:
Ծաղկաձորում կարանտինում գտնվող անձանց թիվը 41 է, Երեւանում՝ 6 ընտանիք: Ճեպազրույցից հետո նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված եւ մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ»։
Նա նաեւ չբացառեց, որ որեւէ սահամանփակող միջոցառում լինի՝ հանրային հավաքների հետ կապված, ինչպես նաեւ՝ ուսումնական հաստատություններում դասերի հետաձգման մասին որոշում կայացնեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ