Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018թ. մայիսից մինչև օրս Հայաստանում ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձ կամ թոշակ կամ նպաստ է բարձրացել, գոնե գիտի՞, թե դա ինչ է փոխել նրանց կյանքում։ Մարդիկ զարմանում են, որ իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում կենսաթոշակների ու աշխատավարձերի մի քանի հազար դրամ ավելացումը։ Հատկապես որ, միևնույն ժամանակ պետական բազմաթիվ պաշտոնյաների աշխատավարձերը հարյուր-հազարներով են ավելացել։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն սրան տրամաբանական բացատրություն հորինել, միևնույն է, դա չի կարող համոզիչ լինել։
Մարդիկ տեսնում են, որ նախկիններին քննադատողներն և ժողովրդի հոգսերից երեկվա խոսողներն իշխանության գալուց հետո նույնն են անում։ Նրանք մտածում են ոչ թե ժողովրդի, այլ առաջին հերթին իրենց գրպանի մասին։ Աշխատավարձերի ու կենսաթոշակների այն մի քանի հազար դրամն էլ, որ ավելացրել են, արել են մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Պարզ է, որ դրանով նրանց կյանքում որևէ խնդիր չի լուծվում։
Այն 1 միլիոն մարդուց, որոնց աշխատավարձը կամ կենսաթոշակը կամ նպաստը բարձրացել է, գրեթե կեսը կենսաթոշակառուներն են։ Նրանց կենսաթոշակներն ավելացել են ընդամենը 3000 դրամով։ Սա է այն արդյունքը, որը Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում։ 3000 դրամով բարձրացել է կենսաթոշակը, իսկ ինչքա՞ն այլ ծախսեր են ավելացել՝ կապված՝ ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, այնպես էլ բազմաթիվ այլ ծառայությունների թանկացման հետ։
Նույնը նաև աշխատավարձերի դեպքում է։ Չհաշված, իհարկե, այն պետական պաշտոնյաներին, որոնց եկամուտներն անգամներով են ավելացել։
Կարդացեք նաև
Աշխատավարձերի մի քանի հազար դրամ բարձրացումը մեծ բան չի փոխում մարդկանց կյանքում։ Հատկապես որ, իրականությունը ոչ միշտ է այնպիսին, ինչպիսին ակնկալվում է։
Եկամտային հարկի շեմն իջեցնելիս կառավարությունը հայտարարում էր, որ դրանով անուղղակիորեն բարձրացնում է տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձերը։ Կարծում էին, թե հիմա արդեն նրանք ավելի քիչ հարկ կվճարեն և աշխատավարձի տեսքով ավելի շատ եկամուտ կունենան։
Բայց ի՞նչ տեղի ունեցավ. բազմաթիվ գործատուներ վերաթարմացրեցին աշխատանքային պայմանագրերը և նվազեցրին աշխատավարձերը։
Ստացվեց այնպես, որ եկամտային հարկի նվազեցումը շատերին այդպես էլ ոչինչ չտվեց, ինչպես կարծում էր կառավարությունը։ Իրականում շահեցին գործատուները, որոնք օգտվեցին եկամտային հարկի նվազեցումից և իջեցրեցին աշխատավարձերը։ Արդյունքում մարդիկ շարունակում են ստանալ այնքան, ինչքան ստանում էին մինչ այդ։ Թեև դա չի խանգարում, որպեսզի իշխանությունները համարեն, որ եկամտային հարկի նվազեցումով ավելացրել են հազարավոր աշխատողների եկամուտները։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում