Նավթի գների անկման հետեւանքով բենզինի գինը մարտի 9-ի դրությամբ նվազել է Ռուսաստանում՝ մեկ լիտրը՝ 305 դրամ։ Այն, ի դեպ, հունվարի 29-ի դրությամբ կազմել էր 355 դրամ։ Մեր հանրապետությունում, սակայն, վերջին օրերին բենզինի էական էժանացում դեռեւս չի նկատվում։ Ինչո՞ւ, ի՞նչ է սպասվում հայ տնտեսվարողին ու, ընդհանրապես, ՀՀ քաղաքացուն. այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ։
– Պարոն Պապոյան, նավթի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է։ Այս իրավիճակը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։
– Որպեսզի, ըստ էության, մենք կարողանանք գնահատել, թե որքանով կանդրադառնա տնտեսության վրա եւ երբ կանդրադառնա, պետք է հասկանանք՝ այս գործընթացը ինչքան կտեւի։ Եթե կարճաժամկետ կտեւի, օրինակ՝ մեկ շաբաթ կամ 10 օր անց փոխվի իրավիճակը, ապա, ըստ էության, գրեթե որեւէ կերպ չի անդրադառնա։ Եթե այն մի քանի ամիս տեւի, ապա ազդեցություն կունենա, եւ ենթադրում եմ՝ ավելի հավանական է՝ բացասական։ Եթե, առհասարակ, էներգակիրների շուկայում մենք գնանք գնային նվազումների, այսինքն՝ նավթի համաշխարհային գները, նավթամթերքների գները այսուհետ լինեն այսպիսի գնային պայմաններում, ապա, իմ կարծիքով Հայաստանը կշահի։ Երկարաժամկետ հեռանկարով ռուսական տնտեսությունն արդեն կհարմարվի այդ գնային պայմաններին, եւ Հայաստանի վրա ազդեցությունը նույնիսկ կարող է լինել դրական՝ կապված նավթամթերքի, բենզինի ցածր գնի հետ։ Այսինքն՝ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք իրար հետ փոխկապակցված են։
– Նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծագույն մասը հենց ռուբլով է։ Այսինքն՝ կնվազեն մասնավոր տրանսֆերտների ծավալները։
Կարդացեք նաև
– Հայաստան եկող տրանսֆերտների ծավալները, ըստ էության, հիմա մոտ 550-600 մլն դոլարի շրջակայքում է, իսկ սրանից, օրինակ, 15 տարի առաջ 1.5 միլիարդի շրջակայքում էր։ Մյուս կողմից՝ Հայաստանի ՀՆԱ-ն հիմա երկու անգամ ավելի մեծ է, քան 10-15 տարի առաջ, հետեւաբար մասնավոր տրանսֆերտների ազդեցությունը հիմա շատ ավելի փոքր է։ Այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ եթե չլինի արհեստական խուճապ, ապա շատ մեծ ազդեցություն չի ունենա փոխարժեքի եւ նմանատիպ այլ տնտեսական ցուցանիշների վրա։ Այսինքն՝սրանք կախված են հետեւյալ գործոններից՝ այս գործընթացը ինչքան կտեւի, նավթի գներն ինչ սահմանում կմնան, առհասարակ ինչ տեղի կունենա սրա հետ կապված։ Գործոնները բազմաթիվ են, եւ մի ուղղությամբ կարող ենք շահել, մեկ այլ ուղղությամբ՝ չշահել, դրանք առաջին հերթին ժամանակի մեջ կերեւա։
Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում