Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

2 ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են գրեթե 181 մլն դոլարով. «168 ժամ»

Մարտ 12,2020 12:58

Կենտրոնական բանկն այս տարվա մեկնարկին շարունակեց ակտիվորեն տարադրամ գնել։ Չնայած դրան, Հայաստանի միջազգային պահուստները տարեսկզբին վերստին կրճատվել են։ Այն էլ բավական մեծ չափով։

Հունվար-փետրվարին Կենտրոնական բանկը գնել է շուրջ 50 մլն դոլար։ Տարեսկզբին սովորաբար հազվադեպ է լինում, որ ԿԲ-ն տարադրամ գնի. այդ շրջանում արժութային շուկայում հիմնականում հակառակ երևույթն է նկատվում, քանի որ մեծանում է տարադրամի պահանջարկը։ Բայց, ինչպես հայտնի է, դեռևս անցած տարվանից Հայաստանի արժութային շուկան գտնվում է տարադրամային հոսքերի ճնշման տակ, ինչն ըստ էության պահպանվել է նաև այս տարվա սկզբին։

Այն, որ տարվա մեկնարկին Կենտրոնական բանկը շարունակել է տարադրամ գնել, դրա վկայությունն է։ Դեռևս փետրվարի 20-ին վարչապետը շտապեց հայտնել, որ գնված դոլարի ծավալը հասել է 47,8 միլիոնի։

Բայց այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի Հայաստանի միջազգային պահուստները տարվա սկզբին նվազեն։ Դա տեղի է ունեցել ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին։ Թեև փետրվարին նվազման տեմպն անհամեմատ դանդաղել է։

Կենտրոնական բանկի տարադրամային պահուստների զգալի կրճատում է տեղի ունեցել հատկապես հունվարին։ Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ հունվարի վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 671 մլն դոլար։ Մեկ ամսում դրանք նվազել են գրեթե 169 մլն դոլարով։

Փետրվարին ևս պահուստները կրճատվել են, բայց ավելի քիչ։ Այս անգամ դրանք պակասել են 12 միլիոնով։

Ընդհանուր առմամբ, 2 ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են գրեթե 181 մլն դոլարով։ Ենթադրվում է, որ դա շատ ավելի մեծ կլիներ, եթե Կենտրոնական բանկը տարեսկզբին չիրականացներ տարադրամի գնում, ինչը հասնում է շուրջ 50 մլն դոլարի։ Հրապարակված վերջին տվյալներով՝ փետրվարի 29-ի դրությամբ արտաքին պահուստները կազմել են 2 մլրդ 659 մլն դոլար։ Այն դեպքում, երբ անցած տարվա դեկտեմբերին հասել էին 2 մլրդ 840 մլն դոլարի, ինչն իսկապես աննախադեպ բարձր ցուցանիշ էր Հայաստանի համար։ Նախկինում երբևէ պահուստների նման մակարդակ չէր արձանագրվել։ Եվ դա հնարավոր եղավ, առաջին հերթին ներքին ֆինանսական շուկայում ձևավորված տարադրամի բարձր առաջարկի արդյունքում։

Ազգային արժույթի վրա ճնշումը թուլացնելու նպատակով դեռ անցած տարվա մարտ-ապրիլից Կենտրոնական բանկը սկսեց բավական ակտիվ արտարժույթ դուրս բերել շուկայից։ Դա թույլ տվեց մի կողմից՝ համալրել միջազգային պահուստները, մյուս կողմից՝ զսպել դրամի արժևորումը։ Առանց դրա դրամի արժևորման տեմպն անհամեմատ ավելի մեծ կլիներ։

Այդ գործողությունների արդյունքում անցած տարի Հայաստանի տարադրամային պահուստներն ավելացան գրեթե 581 մլն դոլարով՝ անցնելով 2,8 միլիարդից։ Սակայն այս տարվա սկզբին դրանք նորից կրճատվել են։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031