«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, եւ ես կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, դուք աջակցում եք այս քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինելու: Բայց արդյոք ես կասե՞մ, որ այսօր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում: Իհարկե, չեմ ասի, որովհետեւ մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա»,- այսօր Ջերմուկում «այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ սրան վերջ տալու համար է նաեւ հանրաքվեն. «Այդ կոռուպցիոն համակարգի մնացորդները ամեն տեղ, ներառյալ կառավարությունում, հույս ունեն, ասում են՝ լավ, դե հեսա մի երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են: Ձերոնք այնքան հեռու են գնացել, կամ այնքան հեռու է ուղարկել ժողովուրդը իրենց, որ լույսի արագություն էլ բացեն՝ չեն կարա հետ գան: Ուղղակի պրոբլեմն այն է, որ անընդհատ այս նյարդային մթնոլորտը ՀՀ-ում շարունակվում է: Քանի եռ ՍԴ-ի հարցը ՀՀ-ում չի լուծվել, նյարդային մթնոլորտը պիտի շարունակվի»:
Նա ասաց, որ ՍԴ-ին չեն վստահում, ամենուրեք մարդիկ իրեն ծրարներ են տալիս՝ դատարաններից բողոքների մասին. «Մենք չենք ասում մտնենք դատական իշխանության դաշտ, մենք ասում ենք՝ դատարանները թող քաղաքականությունից դուրս գան, գնան իրենց գործով զբաղվեն: Մենք՝ մեր գործով, իրենք՝ իրենց: Ոնց որ կինոյի մեջ ասում են՝ մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, հիմա էլ՝ Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա: Եթե ուզում է զբաղվել պոլիտիկա, թող ազատի ՍԴ նախագահի աշխատասենյակը, գա Ջերմուկում ձեր առաջ կանգնի, այնքան պոլիտիկայով զբաղվի, ինչքան ուզում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ