Այսօր Ջերմուկում «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց շահագործված կլիներ: Առնվազն այս փաստի բերումով ես կոչ եմ անում բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության եւ կառավարության նկատմամբ: Այն մարդիկ, ովքեր ուզում են կորցնել հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց՝ հեղափոխությունից առաջ եւ իրավիճակը հեղափոխությունից առաջ»:
Վարչապետն ասաց, որ ինքն անձամբ ունի մի մեծ անհամաձայնություն Ամուլսարի հարցում շատ շատերի հետ. «Մեր մի շարք սիրելի հայրենակիցներ ասում են, որ հանքը պիտի չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի: Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ: Ես ասում եմ՝ մենք պիտի մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից, անմնացորդ: Ընդ որում, մեր վերջին ամիսների պատմությունը ցույց է տալիս, որ դա հեշտ ճանապարհ չի»:
Նա հիշեցրեց նախապատմությունը, որ Էլարդի եզրակացությունից հետո բանավեճ եղավ, «Լիդիանը» բերեց իր հակափաստարկները. «Ամուլսարի հարցում ես չունեմ ոչ մի շահագրգռություն, բացի ՀՀ-ի շահը: Այդպես լինելու է մինչեւ վերջ: Շահագործման կողմնակիցներն ուզում են, որ ես լինեմ կողմնակից, ես չեմ լինի կողմնակից: Շահագործման հակառակորդներն ուզում են, որ ես լինեմ իրենց կողմից: Եկեք գնանք ճշմարտության հետեւից»:
Վարչապետն ասաց, որ Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր. «Այստեղ երկու կարծիք չկա, ոչ մեկը չի ասում եկեք Ջերմուկի ջուրն ու օդը աղտոտենք: Ես այդպիսի բան թույլ չեմ տա: Եթե հնարավոր է օդը, ջուրը չաղտոտել՝ դա ուրիշ հարց է, եթե հնարավոր չի, այստեղ նույնիսկ քննարկման թեմա չկա: Եթե հնարավոր չի, որ Ջերմուկի այս օդը, ջուրը, բնությունը պահպանվի, ուրեմն բացառված է, որ այդ հանքը շահագործվի: Եթե հնարավոր է, ընդ որում, ապացուցելի, ոչ թե տեսական՝ ազնիվ խոսքի վրա, ուրեմն հնարավոր է շահագործվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ