Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սիսիանում ներողություն խնդրեց կուրթանեցի Մեխակից։ Ինքը սխալ էր, կուրթանցի Մեխակը՝ ճիշտ։ Ասաց, որ գերագնահատել է մարդու առողջական վիճակը գնահատելու իր ընդունակությունը եւ թերագնահատել է այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել։ Կուրթանեցի Մեխակն այլեւս հերոս է, որի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժեստ արեց։ Այդ մեկի հանդեպ։ Իսկ Մեխակի պես քանի՞ կուրթանեցի խեղճուկրակ, աղքատ, հիվանդ, սոված ու անճար մարդ կա Հայաստանում եւ մասնավորապես՝ Լոռվա գյուղերում, որոնցից Նիկոլ Փաշինյանն ու իր հեղափոխական թիմը ներողություն չեն խնդրելու։ Ասենք՝ ներողություն այն բանի համար, որ նրանք սոված են ու անճար, իսկ Լոռու մարզպետարանն իրեն 181 միլիոն դրամի պարգեւավճար է տվել։
Անտառաշեն համայնքի ղեկավար Ռաֆիկ Խառատյանը հատ-հատ թվարկեց 150 բնակիչ ունեցող գյուղի «մեխակներին»՝ ասելով. «Մարդ ու կնիկ կան՝ մեծահասակ, երկուսն էլ՝ հիվանդ։ Կնոջ անունը Ժաննա է, մարդինը՝ Հրաչ։ Ի ֆսյո։ Չէ, հետո մալականներիցը կան՝ մեր ու տղա, շատ աղքատ, երկուսն էլ՝ հիվանդ»։ Գյուղապետը, իհարկե, համաձայն է, որ Լոռու մարզպետարանի 181 միլիոնից մի քիչ էլ Լոռու գյուղերին ու նաեւ իր գյուղին տրամադրեին։ «Սխալ ա, բա ի՞նչ ա։ Սաղ իրենց են տվել, իսկ աղքատներին՝ ոչ մի բան»։ Հարց. «Բա ո՞նց է այդպես լինում նոր Հայաստանում»։ «Ես շա՜տ գիտեմ»։ Գյուղապետն ասում է, որ իր բյուջեում կոպեկ չունի կարիքավորներին օգնելու համար։ «Կապեկ չունեմ, հիմի ես հունիսին միանում եմ Լերմոնտովո համայնքին՝ խոշորացում ա, որ նոր կարենամ… տենամ ինչ է լինում»,- ասաց գյուղապետը։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում