Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հեղափոխությունից հետո էլ դատարանների նկատմամբ համատարած անվստահություն է. Պետդեպ. «Ազատություն»

Մարտ 12,2020 12:03

2019 թվականին Հայաստանում կառավարությունը քայլեր է ձեռնարկել ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց իր օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցում, հայտնում է «Ազատություն»-ը: Որպես ասվածի ապացույց` Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վկայաբերել է բարձրաստիճանների նկատմամբ անցած տարի սկսված քրեական գործերն ու դատավարությունները:

«Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատաքննությունը` պարզելու նրանց ենթադրյալ մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բանակը ցուցարարների դեմ հանելու գործում։ Առաջադրված են մի շարք մեղադրանքներ` սահմանադրական կարգի տապալումից մինչև կոռուպցիա և Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների կեղծում»,- նշում է Պետդեպը, թվարկելով գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների անունները` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Փաստելով, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Պետդեպարտամենտը միաժամանակ մեջբերում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը. – «Այդ քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:
Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ 2008-ի ողբերգական իրադարձություններից ավելի քան մեկ տասնամյակ անց` 2019-ի հունիսին, Հայաստանի խորհրդարանը օրենք ընդունեց Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տրամադրելու մասին, կառավարությունն էլ այդ նպատակով 720 միլիոն դրամ` 1,5 միլիոն դոլար հատկացրեց:

Անդրադառնալով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խախտումներին, Պետդեպարտամենտը հատուկ առանձնացրել է դատական համակարգի անկատարությունը, ընդգծելով` էական խնդիրներ կան արդարադատության անկախության հետ կապված: «Թեև օրենքը երաշխավորում է արդարադատության անկախությունը, համակարգը հիմնականում իրեն անկախ ու անաչառ չի դրսևորում», – փաստում է Պետդեպը, հավելելով` 2018-ի իշխանափոխությունից հետո էլ դատավորների նկատմամբ համատարած անվստահություն է տիրում, հասարակական կազմակերպություններն էլ նշում են` դատական համակարգում կան շատ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախորդ իշխանություններին, դատավորների կաշառակերությունն էլ մնում է մտահոգության առարկա:
Զեկույցը հիշեցնում է նաև դատարանների դռներն արգելափակելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսյան կոչը, պնդելով, թե դա ակնհայտորեն արձագանք էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու` Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմանը: «Որոշ դիտորդներ այդ քայլը գնահատեցին որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ», – նշում է զեկույցը:

Խոսելով դատական համակարգի մասին` Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է` 2018-ի հեղափոխությունից հետո ընդդիմադիր մի շարք գործիչներ ազատ են արձակվել նախնական կալանքից, ակնարկելով թերևս «Սասնա ծռեր»-ի, Վահան Շիրխանյանի ու մյուսների դեպքերը: «Իրավապաշտպանների խոսքով՝ նրանց քրեական գործերում հանգամանքներ չեն փոխվել, ինչը վկայում է, որ մինչ թավշյա հեղափոխությունը դատավորները նրանց գրավի դիմաց ազատ չէին արձակում և պահում էին կալանքի տակ քաղաքական շարժառիթներով», – նշում է զեկույցը:

Դատական համակարգը քննադատության է արժանացել նաև կասկածյալներին համատարած նախնական կալանքի դատապարտելու հին ավանդույթը լայնորեն կիրառելու և առանց հստակ հիմքերի կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ «Երկարատև ազատազրկումը շարունակում է մնալ խրոնիկ խնդիր Հայաստանում», – պնդում է Պետդեպարտամենտը՝ մեջբերելով կառավարության վիճակագրությունը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ բանտերում պահվողների 45 տոկոսը անազատության մեջ է առանց վերջնական դատավճռի:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031