Այս պահին 10 քաղաքացի կորոնավիրուսի կասկածով պայմանավորված մեկուսացվել է հատուկ պահպանվող տարածք: Այսօր այս մասին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի եւս երեք դեպք, նախկինում հաստատվել էր մեկ դեպք: Երեք քաղաքացիները ժամանել են Հայաստան Իտալիայից:
«Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն եւ միայն մեկն այս պահին ունի գանգատներ, թոքաբորբ ունի, ջերմում է եւ ստանում սիմպտոմատիկ բուժում»,-ասաց նախարարը: Նրա ներկայացմամբ՝ այս քաղաքացիները ժամանման պահին որեւէ գանգատ չեն ունեցել, գտնվել են նախարարության մասնագետների հսկողության տակ՝ տնային այցերի եւ զանգերի միջոցով:
Թորոսյանի խոսքով՝ «Կանխարգելիչ միջոցներից են այդ օրերին կորոնավիրուսի հաստատված պացիենտների հետ շփված անձանց հայտնաբերումն ու մեկուսացումը, արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ պահվում էին 31 անձ: Իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում` բավական մեծաթիվ մարդկանց, հնարավոր է այսօր նրանց միջից նորից հատուկ պահման վայրում մեկուսացվեն քաղաքացիներ»:
Կարդացեք նաև
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ կիրակի օրը մեկ չարտերային թռիչք է տեղի ունենալու Հռոմից Երեւան, այսօր նիստի դռնփակ հատվածում քննարկելու են, թե ինչ պետք է անեն այդ թռիչքի հետ կապված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ