ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համաճարակ) է հայտարարել։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչև հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Իհարկե մեծ հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կխուսափենք այդ հեռանկարից, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, և մարտահրավերին ճիշտ դիմագրավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ գնահատել իրավիճակը։
Ստեղծված վտանգավոր իրադրությունում պետք է դադարեցնել և հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները: Առաջարկությունն այս պայմանավորված է հետևյալ կարևորագույն անհրաժեշտություններով՝ համաճարակի տարածման վտանգավոր սպառնալիքի հանգամանքներում անթույլատրելի է իրականացնել զանգվածային միջոցառումներ. այս պահին տեղին կլինի, որ քաղաքական ղեկավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդհանրապես հանրությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս պահի դրությամբ ամենակարևոր սպառնալիքի՝ կորոնավիրուսի չեզոքացման ուղղությամբ։ Սա իսկապես ազգային անվտանգության հիմնախնդիր է, որը ենթադրում է բոլոր հնարավոր ռեսուրսների գերկենտրոնացման անհրաժեշտություն։
Եկե՛ք ճիշտ գնահատենք իրավիճակը։
Հետգրության փոխարեն ուզում եմ հիշեցնել, որ մենք ժամանակին բազմիցս հորդորել էինք դադարեցնել Իտալիայից Հայաստան բոլոր թռիչքները, բայց մեր հորդորներն այդպես էլ անհետևանք մնացին»։
Կարդացեք նաև