Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Վրաստանում դպրոցական արձակուրդը երկարաձգվել է մինչև ապրիլի 1–ը։ Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետին կից ստեղծված համակարգման խորհուրդը, որի նպատակը կորոնավիրուսին դիմակայելն է։
Ի սկզբանե որոշումը վերաբերում էր մարտի 4–ից 16–ն ընկած ժամանակահատվածին։ Այս օրերին դպրոցներում ախտահանման աշխատանքներ էին տարվում։ Սակայն, հաշվի առնելով իրավիճակը երկրում, արձակուրդը որոշվել է երկարաձգել։
Ադրբեջանում COVID-19 նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է ևս երկու քաղաքացիների մոտ, որոնք Իրանից են վերադարձել։ Այժմ վարակվածները 11–ն են, նրանք բոլորը գտնվում են հատուկ հիվանդանոցում։ Հիվանդների մեծ մասի վիճակը կայուն է, նրանցից մեկինը՝ միջին ծանրության։
Իրանի հետ սահմանը, որտեղ արդեն ավելի քան 7 հազար վարակված կա և մահացել է ավելի քան 200 մարդ, Ադրբեջանը փակել է միայն փետրվարի 29–ին։ Այնտեղից շարունակում են վերադառնալ Ադրբեջանի քաղաքացիները, որոնց նկատմամբ կարանտին է կիրառվում։
Կարդացեք նաև
Ադրբեջանում վարակի դեմ պայքարի հետևյալ միջոցներն են ձեռնարկվել․ փակ են ուսումնական հաստատությունները մինչև մարտի 27–ը, չեղարկվել են բոլոր համերգներն ու խոշոր միջոցառումները, տրանսպորտում և այլ հանրային վայրերում վարակազերծում է կատարվում։