Լրահոս
Օրվա լրահոսը

20 օր՝ «նախընտրական» ռեժիմով

Մարտ 12,2020 10:00

Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի «այո-ոչ»-ի քարոզչությունը թեւակոխել է ակտիվ փուլ: «Այո»-ինը՝ ավելի ակտիվ, քան «ոչ»-ինը: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներով արդեն երկրորդ օրն է` շրջում է Հայաստանի բնակավայրերով եւ բացատրում է քաղաքացիներին, թե որքան է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը խանգարում մեր երկրի առաջընթացին:

Երեք շաբաթ ծախսել ՍԴ 7 անդամներին պաշտոնանկ անելու հարցը լուծող հանրաքվեի քարոզչության վրա… չգիտեմ, ինձ թվում է՝ վարչապետը, կառավարության անդամները, պատգամավորներն ավելի կարեւոր գործեր պիտի ունենան: Ես լինեի ՍԴ «խնդրահարույց» անդամների տեղը, ինձ վատ կզգայի, որ իմ համառության (կամ թեկուզ՝ սկզբունքայնության) պատճառով այդքան մարդ է գործից կտրվել եւ այդքան միջոցներ ու ուժեր են ծախսվում այդ երկրորդական հարցի վրա: Ես հիմա՛ հրաժարական կտայի, երբ այլեւս ոչ ոք չի կասկածի, որ դա արվում է վաղաժամկետ թոշակ ստանալու համար: Քանի որ ՍԴ անդամները դա չեն անում, կարծես ինչ-որ չափով հաստատում են այն կասկածները, որ նրանք առնվազն ենթակա են որոշակի քաղաքական ազդեցությունների:

Բոլոր դեպքերում մոտակա 20 օրերին հանրապետությունն ապրելու է «նախընտրական» ռեժիմով՝ քարոզչության եւ հակաքարոզչության սուր դրսեւորումներով: Իշխանության թիմն այստեղ ակնհայտ առավելություններ ունի, եւ ոչ միայն վարչական ռեսուրսի շնորհիվ: Կան նաեւ այլ գործոններ եւ, մասնավորապես, այն հանգամանքը, որ վարչապետը հրաշալիորեն տիրապետում է հռետորական արվեստին, ու նրա մոտ շատ լավ է ստացվում քաղաքացիներին ներկայանալ ընդդիմադիրի դերում: Հենց այդ դերում էլ նա հիմա հանդես է գալիս՝ որպես նախկին իշխանության ընդդիմություն, քանի որ հանրաքվեն լավ առիթ է «նախկինների» մասին խոսակցությունը շարունակելու: Ասում եմ առանց որեւէ հեգնանքի՝ ես մասնագիտական հաճույք եմ ստանում, երբ Փաշինյանը «չոտկում» եւ «նախշում» է մարդկանց, որոնք իշխանությունից հեռացել են գրեթե երկու տարի առաջ: Մանավանդ ակնհայտ է, որ նրա խոսքը դրական ռեզոնանսի մեջ է մտնում քաղաքացիների մեծամասնության զգացմունքների հետ (իսկ «նախկինները» լիուլի առիթներ են տվել նման զգացմունքների համար):

Երբ վարչապետը խոսում է այլ թեմաներից, օրինակ` ապագա ծրագրերի մասին (5 միլիոն բնակիչ, 10 միլիոն ծառ եւ այլն), դա զուտ հռետորական արվեստի տեսանկյունից պակաս տպավորիչ է, որովհետեւ այստեղ խոսքը հնարավոր չէ համեմել մեղադրանքի, խարազանման «աղուբիբարով»: Ապրիլի 5-ին հանրաքվեում քաղաքացիների մեծամասնությունը միանշանակ կասի «այո»՝ հաշվի առնելով վերը նկարագրված զգացմունքները: Իշխանությունը հանրաքվեից հետո կասի, որ ժողովուրդը վերջնականապես ազատվել է նախկին իշխանությունների դեռեւս չջախջախված մնացուկներից:

Բայց այդ «վերջնականապեսն» էլ է հարաբերական: Որովհետեւ մի քանի ամսից կլինի սահմանադրական նոր հանրաքվե: Եվ կպարզվի, որ որոշ չջախջախված դավադիրներ դեռ մնացել են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ձանձրալի, անհետաքրքիր օրեր։ Փոխանակ մեծ թափով «յեղափոխական» արդիւնքներ լինէին, երկու տարի անց դեռ նախկին է մերժում։ Որովհետեւ իրականում յեղափոխութիւն ՉԻ՛ եղել ու այս հանրաքուէն էլ ոչինչ չի տալու։

    ՅԳ. Փաշինեանը ծխողների նման կախուածութիւն ունի։ Պարբերաբար պիտի հանրահաւաք անի, հարթակ բարձրանայ, ընդդիմադիր դառնայ, որ նեարդերը հանգստանան։ 😊

  2. Ruben says:

    «Ապրիլի 5-ին հանրաքվեում քաղաքացիների մեծամասնությունը միանշանակ կասի «այո»»…
    Ոչ թե ՀՀ քաղաքացիների (և գյուղացիների) մեծամասնությունը, այլ քաղաքացիների և գյուղացիների այն քանակի մեծամասնությունը, ովքեր կգնան քվեարկության:

    1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, գրված Լևոն Տեր-Պետրոսյանի, այնուհետ `Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այսուհետ Նիկոլ Փաշինյանի համար.

    Հոդված 207. Հանրաքվեի դրված ակտի ընդունումը
    Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

    Եթե հանրաքվեներին մասնակցեն 746525+0,001 ՀՀ անձնագիր ունեցողներ և քվեարկեն միատեսակ, ապա ընդհանուրի 25%-ը «կհաղթի» ընդհանուրին:

    Մտածողության և զարգացման 5-րդ մակարդակ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031