Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխանության այլընտրանքը խամաճիկությունն է

Մարտ 12,2020 14:30

Օրերս ինձ չափազանց ուրախացրեց ռուսների դժգոհությունը Հայաստանի Հանրապետությունից: Այդ դժգոհության առիթը Հայաստանի մասնակցությունն է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ այն էլ ընդամենը դիտորդի կարգավիճակով: Այդ դժգոհությունը, ըստ ռուս քաղաքական վերլուծաբանների, նշանակում է ռուսներին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն, առանց Ռուսաստանից թույլտվություն ստանալու, որոշում է կայացրել: Դժբախտաբար, ռուսները հիմք ունեն այդպես մտածելու, որովհետեւ երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում Հայաստանը, որպես կանոն, գտնվել է ռուսական ազդեցության ոլորտում եւ ինքնուրույն չի եղել եւ, բնականաբար, Հայաստանի այդ քայլը պետք է առաջացներ այդպիսի հակազդեցություն:

Այս ամենը կրկնողությունն է ավելի քան երկու հազար տարի առաջ կատարվածի: Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով միշտ ունեցել է աշխարհաքաղաքական դերակատարություն եւ պարտադրված է եղել իր արտաքին քաղաքականությունը կառուցել ելնելով այդ հանգամանքից: Հայտնի է, օրինակ, որ երբ Հայաստանը դաշնակցել է Պարթեւստանի (Պարսկաստանի) հետ, այդ հանգամանքը անհանգստացրել է Հռոմին, իսկ երբ դաշնակցել է Հռոմի հետ՝ մտահոգել է Պարթեւստանին: Սակայն այս ամենն ունեցել է չափազանց վտանգավոր հետեւանք, այն առումով, որ դաշնակցելով մեկի կամ մյուսի հետ, Հայաստանը դրանով իսկ դարձել է վտանգավոր, թշնամի պետություն մյուս կողմի համար՝ իր անցանկալի հետեւանքներով: Այս տեսակետից համոզված եմ, որ չափազանց ուսանելի է, օրինակ, Տրդատ Ա-ի արտաքին քաղաքական ուղենիշը: Նա կարողացավ միաժամանակ դաշնակցել եւ բարի դրացիական հարաբերություններ հաստատել ե՛ւ Հռոմի, ե՛ւ Պարթեւստանի հետ: Եվ այդ ամենը շնորհիվ ինքնուրույն քաղաքական գործողությունների, ինչն էլ ապահովեց 50-ամյա խաղաղություն Մեծ Հայքի թագավորությունում:

Այսօր էլ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով շարունակում է մնալ աշխարհաքաղաքական մարտահրավերների կարեւոր օբյեկտ: Ոչինչ չի փոխվել, ընդամենը Պարթեւստանին եւ Հռոմին փոխարինելու են եկել այսօրվա գերտերությունները, միայն թե խնդիրն այն է, Հայաստանը կարո՞ղ է օբյեկտից վերածվել սուբյեկտի՝ կախված է Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշից: Հայաստանն ինչպես էլ որ կողմնորոշվի՝ հյուսիս, թե՛ հարավ, արեւմուտք, թե՛ արեւելք, միեւնույն է, կմնա այս կամ այն գերտերության դրածոն:

Մեր ռուս բարեկամները մոռանում են, որ բարեկամությունը միակողմանի չի լինում եւ սեփական շահերը չի կարելի իրականացնել բարեկամի, առավել եւս ռազմավարական դաշնակցի, հաշվին: Եթե մենք խոսում ենք հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, չպետք է մոռանանք, որ այն պայմանավորված է ե՛ւ քաղաքակրթական, ե՛ւ մշակութային, ե՛ւ քրիստոնեական ընդհանուր արժեքներով եւ չի կարելի ղեկավարվել միայն այսրոպեական խնդիրներով: Ե՛վ Պետրոս Մեծը, ե՛ւ Եկատերինա կայսրուհին հայերին չէին հովանավորում գեղեցիկ աչքերի, այլ Ռուսաստանում նրանց ունեցած քաղաքակրթական (ուզում եմ շեշտել՝ քաղաքակրթական) դերակատարության համար:

Միշտ հիշում եմ ապրիլյան պատերազմը: Ի՞նչ է ռուսական ГРУ-ն (ռազմական հետախուզություն) եւ Արտաքին հետախուզության ծառայությունը տեղյակ չէի՞ն ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին: Իսկ մի քանի օր անց ռուսները դառնում են միջնորդ զինադադար կնքելու համար: Հօգուտ ո՞ւմ զինադադար, չէ՞ որ ադրբեջանական կողմը գրավել էր հայկական տարածքներ: Այսինքն ստացվում է, եթե զինադադար չկնքվեր այդ պահին, ապա Ադրբեջանը կշարունակեր նոր տարածքներ գրավել եւ իբր լավություն է արել Հայաստանին եւ կանխել հետագա արյունահեղություններն ու ավերածությունները: Այստեղ, իհարկե, չենք անդրադառնում Հայաստանի քաղաքական ղեկավարության, մեղմ ասած, չհաշվարկված գործողություններին, դա առանձին թեմա է: Պարզապես  միշտ պետք է հիշել, որ դարավոր բարեկամությունը ենթադրում է շարունակություն հետագա դարերում եւս, ինչի մասին անհրաժեշտ է մտածել այսօր: Իմիջիայլոց, Ռուսաստանի մասին ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաեւ ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին:

Թերեւս ուսանելի է գավառամիտ Լուկաշենկոյի քաղաքականությունը, որը հասկանալով Բելառուսի աշխարհաքաղաքական նշանակությունը Ռուսաստանի համար, կարողանում է ամեն անգամ Ռուսաստանին ստիպել հաշվի առնել իր երկրի շահերը:

Ազատությունը, ինքնիշխանությունը պահանջում է ինքնուրույն քայլեր՝ հանուն ազգային եւ պետական շահերի: Ինքնիշխանությանն այլընտրանք չկա, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ են մտածված, տրամաբանված, հետեւողական ջանքեր:

Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031