Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանական միջոց կիրառելու մասին քննիչներին ուղղված դիմումներն աճել են

Մարտ 12,2020 14:00

Նախաքննություն իրականացնող մարմնին տրամադրվել էր հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, մի օրինակն էլ ուղարկվել է ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչություն, սակայն քննության չի առնվել այն, գնահատական չի տրվել ուղարկված ապացույցին:

Փետրվարի 21-ին Կոտայքի մարզի դատախազ Ա.Հովհաննիսյանը փաստաբան Մկրտիչ Դավթյանին եւ նրա վստահորդին՝ տուժող Մհեր Ղազարյանին է ուղարկել «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը:

Գառնիի բնակիչը հաղորդում էր տվել հանցագործության մասին, հայտնել, որ երկու տարի առաջ հոկտեմբեր ամսին առերեւույթ հանցագործություն կատարած փաստաբանը (տվյալները դեռ չենք հրապարակում) իր տանը «սպառնացել է, թե վնաս կտա իր անչափահաս թոռներին, իսկ հեռախոսային խոսակցության ժամանակ էլ հերթական անգամ  սպառնացել է, թե վնասելու է իր թոռներին ու իրեն»:

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Աբովյանի քննչական բաժին (քննիչ Գ.Կարապետյան), ընթացել է նախաքննություն:

Այդ քրեական գործի նախապատրաստման փուլում էլ, ընդհանուր իրավասության դատարանում կողմերի միջեւ առկա քաղաքացիական գործով (հակընդդեմ հայցադիմումում տուժողի փաստաբանը պահանջում է «սպառնալիքի ազդեցության տակ ծանր հանգամանքների բերումով կնքված փոխառության գործարքը ճանաչել չկնքված» եւ անվավերության հետեւանքներ կիրառել: Հայցվոր կողմն էլ պահանջում է՝ բնակարանից եւ հողամասից վտարել-Ռ.Մ.) վարույթը կասեցվել է, մինչեւ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի ավարտը: Հայցվորի անունից վերաքննիչ բողոք է բերվում, որի դեմ պատասխան չի ներկայացվում:

Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործի վարույթը կարճել: Տուժող կողմը բողոք է բերում քննիչի որոշման դեմ, եւ այս տարվա փետրվարի 14-ին Կոտայքի մարզի դատախազությունը ստանում է տուժողի փաստաբան Մկրտիչ Դավթյանի բողոքը՝ քննիչ Գ. Կարապետյանի որոշման դեմ:

Նկատենք, որ քրեական գործը կարճվելուն պես քաղգործով բողոքաբերի բերված վերաքննիչ բողոքը բավարարվում է` ընդհանուր իրավասության դատարանի՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվում է:

Զուգահեռ՝ քրեական գործով տուժող կողմի գնահատմամբ, քննիչն ամբողջ ծավալով, բազմակողմանի չի ուսումնասիրել գործը, հաշվի չի առել նաեւ այն, որ բացի փաստաբանից, տուժողին սպառնալիքներ են տվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված անձինք, «հանցավոր աշխարհի մարդիկ», անձինք, որոնք ստիպել են  կեղծ փոխառության պայմանագիր կնքել, քառասուն հազար դոլար գումար տալ իր տուն ուղարկված անձանց, որոնց տվյալները հայտնելու համար տուժողի փաստաբանը դիմումով խնդրել էր, որպեսզի «քննիչը ապահովի տուժող Մ.Ղազարյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը, սակայն վարույթն իրականացնող մարմինն առանց քննարկելու եւ վերջնական լուծում տալու նշված հանգամանքին՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է ընդունել»:

Ըստ մարզի դատախազի. «Մհեր Ղազարյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ քննիչի հարցերին ի պատասխան հայտնել է, որ վախենում է հայտնել սպառնալիքներ տված անձանց անունները: Նախկինում ոստիկանությանը չէր դիմել, սակայն երկրում իրավիճակ փոխվելուց հետո դիմել է ոստիկանություն՝ մտածելով, որ ամեն ինչ քաղաքացու կողմն է եւ նշված անձինք այլեւս չեն աշխատում ու զբաղեցնում պաշտոններ»:

Տուժող կողմն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  նախաքննության ժամանակ ցուցմունք տված պաշտպանական կողմը սուտ ցուցմունք է տվել, ինչին գնահատական չի տվել քննիչը:

Մարզի դատախազի «Բողոքը քննության առնելու մասին» որոշման համաձայն, սպառնալիքներ հնչեցրած անձինք կասկածյալի կարգավիճակ չեն ունեցել. «Քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն եղել նրանց նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումներ կայացնելու համար», հետեւաբար, ըստ դատախազի, նման օրենսդրական կարգավորումների պայմաններում վարույթն իրականացնող մարմինը «օբյեկտիվորեն զրկված է եղել հիշյալ անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները օրենքով սահմանված կարգով ստանալու»: Խոսքն այն մասին է, որ քննիչին տրամադրված ԱԷԿՏ համակարգի միջոցով տվյալներ են ստացվել հնարավոր կարեւորագույն վկաներից մեկի՝ հանրապետությունում չգտնվելու մասին, մինչդեռ նա ժամանակ առ ժամանակ գտնվել է Հայաստանում: Ըստ տուժողի, այդ անձը ներկա է գտնվել իրեն ստիպողաբար փոխառության պայմանագիր պարտադրելուն:

Տուժողը դիմել է գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, բացարկ հայտնել մարզի դատախազին, սակայն նորից ուղեկցական գրությամբ, գործն ուղարկվել է մարզի դատախազին:

Մարզի դատախազն անդրադառնալով տուժողի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու միջնորդությանը՝ արձանագրել էր. «Վերջինիս նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, իսկ քննիչի կողմից այդ մասով առանձին որոշում չկայացնելը չի խախտել եւ չէր կարող խախտել Մհեր Ղազարյանի եւ նրա ընտանիքի անդամների որեւէ իրավունք»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031