Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տաթեւացու գործերում ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ «դուխովը» գրաբարյան հռչակեինք»

Մարտ 12,2020 13:30

Վահան Տեր-Ղեւոնդյանը` մեղադրանքների մասին

«Առավոտը» Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին խնդրեց մեկնաբանել  Մատենադարանի մի քանի աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչներ ներկայացած Գայանե Այվազյանի եւ Ալլա Խառատյանի` իր հասցեին հնչեցված մեղադրանքները` կապված դատախազություն դիմելու, կառավարման ճգնաժամի, աշխատակիցների աշխատանքային պայմանների, խախտումների եւ այլնի հետ:

«Ինձ մարդկայնորեն ցավ է պատճառում, որ երիտասարդ գիտաշխատողների այս խմբակը, որոնց  մաշտոցյան Մատենադարանը գրկաբաց ընդունել է, թե նախկին, թե ներկա ղեկավարությունը եւ ավագ գործընկերներն ամեն կերպ աջակցել են մասնագիտական կարողությունների զարգացման, առաջին գիտական հետազոտությունների իրականացման եւ գիտական աստիճան ստանալու մեջ, իրենք լիուլի օգտվել են հիմնարկի բոլոր հնարավորություններից, հաճախ երկարատեւ գործուղման են եղել եվրոպական զարգացած երկրների կարեւորագույն գիտական հաստատություններում, ու հիմա այս բոլորից հետո  որոշել են իրենց համար նպատակ դարձնել հաստատության վարկաբեկումն ու անվանարկումը»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

Ապա մանրամասնեց. «Անվանարկելու եւ զրպարտելու գագաթնակետն էլ այն էր, որ դիմեցին գլխավոր դատախազություն` իբր թե ժամանակին տեղի ունեցած խախտումների համար: Ընդամենը հետեւյալն է տեղի ունեցել. հոգաբարձուների խորհրդի առաջին երեք նիստերին սրբորեն հետեւել ենք մեր աշխատակարգին: Այդ աշխատակարգի մեջ մի ժամանակ որպես նմուշ դրվել էր մի ձեւ, եւ խիստ երկրորդական տեխնիկական մի հարց  սպրդել էր: Երբ նիստը տեղի է ունենում, դրանից հետո արձանագրություն է կազմվում, որը պետք է ստորագրվի: ՊՈԱԿ-ի դեպքում ստորագրում են նախագահն ու քարտուղարը, հիմնադրամի դեպքում` բոլոր ներկաները: Առաջին երեք նիստերին, որ անց ենք կացրել, հետեւել ենք աշխատակարգին, որն ունեցել է այդ թերությունը, ինչն, ի դեպ, նախարարության կողմից տրված նմուշով է եղել: Նույն կետը սպրդել է այլ հաստատություններում եւ բուհերում եւս:

Տնօրենի ընտրությանը մասնակցած հոգաբարձուների խորհրդի 19 անդամ  մեկ անգամ ներկայության թերթիկ է ստորագրել, որը բնագրով ունենք, մեկ անգամ էլ ստորագրել է քվեարկության թերթիկ ստանալու ցանկը, անշուշտ ունենք  նաեւ այդ քվեաթերթիկները, եւ ոչ ոք չի կարող ասել, թե երկու հոգի հավաքվել ու 19 հոգու ստորագրություն են կեղծել: Ի դեպ, սա ինքներս էինք հայտնաբերել եւ ուղղել մինչեւ այս աղմուկի ի հայտ գալը: Փաստորեն, տեխնիկական, երկրորդական մի հարց ներկայացվել է որպես քրեական հանցագործություն: Ու քանի որ դա իրավական առումով  փուչիկ էր, պայթեց եւ անփառունակ վախճան ունեցավ: Հայցը մերժվեց հանցակազմի բացակայության պատճառով: Դրանից հետո ցանկացած մարդ կլռեր, մինչդեռ այդ անձինք ի լուր հանրության հայտարարում են, թե շարունակելու են պայքարը, եւ իբր դատախազությունը կոծկում է եւ այլն»:

«Առավոտի» հարցին` արդյոք Մատենադարանի այդ աշխատակիցներին որեւէ մեկն ուղղորդո՞ւմ է, պարոն Տեր-Ղեւոնդյանը պատասխանեց. «Փաստեր չունեմ, բայց չեմ էլ բացառում… Ուղղակի ակնհայտ չարախոսություն եւ զրպարտություն  է տարածվում, թե ի՞նչ նպատակով, չեմ կարող ասել»:  Հարցրինք՝ քանի՞ հոգուց է բաղկացած արհմիությունը, որովհետեւ ասուլիսի ժամանակ արհմիության անդամներն էլ թիվ չնշեցին: Մեր զրուցակիցն ասաց, որ նրանք 3-4 հոգի են` Մատենադարանի աշխատակիցների 1%-ը. «Ունենք 330 աշխատակից, եւ նրանցից 3-4 հոգին փորձում է համոզել հանրությանը, որ իրենք հանդես են գալիս որպես Մատենադարանի արհմիություն: Ես չեմ ասում, թե իրենք իրավական խախտում են արել, որովհետեւ ըստ էության, սա մի ՀԿ է, օրինակ, ես, դուք եւ եւս մի հոգի ցանկացած պահի կարող ենք մի ՀԿ գրանցել, անունն էլ ինչ ասես դնենք, դիցուք` «Տիեզերագնացների միություն» եւ ոչ ոք չի ասի` դուք տիեզերագնա՞ց եք: Նույն կերպ էլ իրենք են վարվել:

Նշեմ, որ մինչեւ արհմիություն ստեղծելը Գայանե Այվազյանը եկավ ինձ մոտ եւ ասաց, որ ուզում են արհմիություն ստեղծել: Ասացի` շատ լավ եք անում, քանի  որ ինքս էլ գտնում եմ, որ դա օգտակար բան է հիմնարկի համար: Ասացի` քայլերի ի՞նչ հերթականություն եք նախատեսում, գուցե առաջին հերթին կոլեկտիվի ժողո՞վ հրավիրեք, մարդիկ գրանցվեն, կանոնադրություն հաստատվի, հետո մարդիկ իրենց միջից ղեկավար ընտրեն: Բայց նրանք հակառակ կողմից գնացին, երեքով ՀԿ ստեղծեցին, երեքն էլ իրենց ղեկավար հռչակեցին, այդպես ինքնահռչակ  փորձեցին անդամներ հավաքել, եւ որքան գիտեմ՝ մի 7 հոգի գրանցվեցին: Հիմա այդ 7 հոգին ոչնչի չի մասնակցում, իսկ 3 հոգին կոլեկտիվի անունից ինչ-որ բաներ է ասում, որի իրավունքը չունի»:

Անդրադարձ եղավ նաեւ արձակուրդին եւ աշխատանքային պայմաններին. «Եթե չեմ սխալվում, 2017թ. Կառավարության որոշում է եղել գիտաշխատողներին ավելի երկար արձակուրդ տրամադրելու մասին: Այդ որոշումն ուղարկվել է ԳԱԱ բոլոր ինստիտուտներին, բայց Մատենադարանն այն չի ստացել, որովհետեւ մեր աշխատողների 1/3-րդն է գիտաշխատող, քանի որ Մատենադարանը բազմապրոֆիլ հաստատություն է, 330 աշխատողից միայն 120-ն է գիտաշխատող: Սա մեկնաբանում են, որ չարամտորեն չի արվել: Բայց դա էլ է արդեն շտկվել:

Ինչ վերաբերում է աշխատանքային պայմաններին, խնդրում եմ պտտվեք շենքով մեկ եւ ասեք` հանրապետությունում ավելի լավ շենքային պայմաններ որտե՞ղ կարող եք գտնել, այստեղ ձմռանը տաք է, ամռանը զով է, ունենք  ինտերնետային ուժեղ կապ ընթերցասրահում, երկրորդ կապն ենք բերել, որը հնարավորություն կտա ողջ շենքում ունենալ ինտերնետ: Փորձում ենք նոր կահույք, սեղանի լուսամփոփներ, ջրի սարքեր բերել, բարելավել, ինչը հնարավոր է: Մարդիկ երազում են գալ այստեղ աշխատել, որովհետեւ մեզ մոտ  է գտնվում հանրապետության լավագույն հայագիտական գրադարանը: Հենց այս պահին Մատենադարանում կա 150 համակարգիչ, երբ 120 գիտաշխատող ունենք, հատուկ Laptop գնեցինք, տեղադրվեց ընթերցասրահում, որ մարդիկ վերցնեն, օգտագործեն: Այսինքն, ասել, որ Մատենադարանում աշխատանքային վատ պայմաններ են, ոչ թե սուտ է, այլ պոչավոր սուտ է:

Հիմա աշխատավարձերի մասին. գիտական հաստատությունների աշխատավարձերը ցածր են, բայց ամեն ինչ պետք է համեմատության մեջ նայել: Մենք չենք կարող մեր աշխատավարձերը համեմատել մասնավոր ընկերությունների, ՊԵԿ-ի, դատավորների աշխատավարձերի հետ, բայց եթե համեմատենք  ԳԱԱ ինստիտուտների, համալսարանների, թանգարանների աշխատավարձերի հետ, մերն անհամեմատ բարձր է: Փառք Աստծո, ունենք նաեւ արտաբյուջե, եւ գոնե վերջին 1-2 տարիներին ապահովել ենք 13-րդ աշխատավարձ, տարբեր առիթներով հավելյալ հանձնարարությունների կատարման համար տրվել է պարգեւատրումներ,  մենագրության հրատարակման օրը մարդիկ մեկ ամսվա աշխատավարձով են պարգեւատրվել: Արել ենք առավելագույնը, որպեսզի աշխատողները բարեկեցիկ ապրեն, այստեղից հոսունություն չլինի: Չկա օր, որ ինձ չզանգեն ու չխնդրեն ինչ-որ մեկին աշխատանքի տեղավորել, ինչը լավագույն ապացույցն է, որ այստեղ լավ է»:

Արհմիության անդամներին ահաբեկելու մեղադրանքից էլ խոսեց Մատենադարանի տնօրենը. «Ես նպատակ չունեմ նախկին տնօրենների հետ համեմատվելու, բոլորն էլ շատ հարգանքի արժանի մարդիկ են եղել, հսկայական ներդրում են ունեցել: Բայց  երբեք Մատենադարանում այդքան ժողովրդավար եւ կոլեգիալ կառավարում չի եղել, ինչպես այսօր: Չկա որեւէ կարեւոր հարց, որի վերաբերյալ միահեծան որոշումներ ընդունվեն…»:

Վահան Տեր-Ղեւոնդյանը նշում է. «Ես գալիս եմ այն եզրակացության, որ թավշյա հեղափոխության բերած արտահայտման ազատությունը որոշ մարդիկ շատ սխալ են հասկացել, ընկալել են որպես բանսարկություններ գրելու ազատություն, ինչը շատ վատ բան է: Մի բանսարկություն էլ կա, որ իբր Մատենադարանում կառավարման ճգնաժամ է: Մեր աշխատանքը գնահատվում է  մեր տպագրած գրքերով, մենագրություններով, ժողովածուներով, գիտական պարբերականով, մեր կազմակերպած գիտաժողովներով, ցուցադրություններով, միջազգային համագործակցությամբ եւ այլն: Եթե համեմատենք 2014-15-16 թվականները հաջորդ եռամյակի հետ` 2017-18-19, որին վերաբերում է ամբողջ քննադատությունը, թե գրքերի, թե հոդվածների թվով, ցուցանիշների հսկայական առաջընթաց կա, իսկ որոշ ցուցանիշներ կրկնապատիկ աճել են: Անցյալ տարի Մատենադարանի այցելուների թիվը հասել է 132000-ի, չհաշված 19000 Արցախի  մասնաճյուղինը: Այդ առումով էլ ենք հանրապետությունում անվիճելի առաջատար… Ամեն տարի առնվազն 5 գիտաժողով ենք կազմակերպում… Եթե այստեղ կառավարման ճգնաժամ կա, այդ բոլորն ինչպե՞ս է արվում»:

Մատենադարանի տնօրենը տարակուսանք է հայտնում. «Ասում են` իբր թե Մատենադարանը  դիմադրում է հեղափոխությանը, որ երկրում եղավ հեղափոխություն, Մատենադարանում ոչինչ չփոխվեց: Մատենադարանը ոչ հիմա, ոչ էլ երբեւէ չի եղել կուսակցականացված, հետեւաբար ապակուսակցականացման խնդիր չի եղել, ավելորդ է ասել, որ երբեք չարաշահումներ չեն եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Հետեւաբար ի՞նչը պետք է փոխվեր հեղափոխությունից հետո: Արդյոք Գրիգոր Նարեկացուն ձախ կողմից պետք է նայեի՞նք, Տաթեւացու, Որոտնեցու գործերի մեջ ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ դուխով բառը գրաբարյան պետք է հռչակեինք… Բացարձակ անհեթեթություններ են հայտարարում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
11.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031