Գրախոսության փոխարեն
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել գրող Կարեն Օհանջի «Միքայել» վեպը` նվիրված ճանաչված գործարար եւ բարերար Միքայել Արամյանցին: Ինձ համար հետաքրքիր է լինում գեղարվեստական գրականության այն ընթերցանությունը, երբ տեղյակ ես լինում դրա ստեղծման պատմությանը։ Միշտ ընթերցելով հայ ազգային մեծերին առնչվող վավերագրական, պատմական գրականությունը՝ մանավանդ հետաքրքիր պատմություններով ու լեգենդներով, մտածել եմ, թե ինչու չկա այդ ամենի գեղարվեստական անդրադարձը։ Այստեղ նկատենք, որ այս առումով ուսանելի փորձ էլ ունենք, ասենք՝ ի դեմս «Վարդանանք» եւ «Գեւորգ Մարզպետունի» հաջողված վեպերի։ Այս մասին խոսակցություն ունեցել եմ «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի հետ ամիսներ առաջ։ Եվ ահա հրատարակչությունում կայացած նախաամանորյան հանդիպման ժամանակ Մկրտիչ Կարապետյանը ասում է, որ տպագրության պատրաստ է հայ գործարարության ու բարերարության խորհրդանիշ Ալեքսանդր Մանթաշյացին նվիրված վեպը։ Այս բարի լուրը ուրախություն է բերում ներկաներին, իսկ դիմացս նստած բանաստեղծ, արձակագիր Կարեն Օհանջին ակնարկում եմ. «Հաջորդը Միքայել Արամյանցն է…..», քանի որ գիտեմ՝ նա Միքայել Արամյանցի շառավիղներից է, նրա կյանքի ու գործունեության գիտակներից։ Լռում է, իսկ 18 օր անց ինձ է զանգահարում հրատարակչության ղեկավարը ու ասում. «Օհանջը գրել է Արամյանցի մասին….»։ Անկասկած զարմանքս դժվարությամբ եմ փոխանցում, բայց Մկրտիչ Կարապետյանը շարունակում է. «Մի զարմացիր, այդպիսին է Օհանջը, նա գիշեր-ցերեկ է աշխատում, նրա մոտ նպատակի իրագործումը վեր է ամեն ինչից: Հետո մի մոռացի, որ այդ վեպը նրա մտքերում վաղուց կար»:
Մի քանի րոպեից գրքի էլեկտրոնային տարբերակը ինձ է փոխանցվում ու դրանից սկսվում է ընթերցանությունը ու ավարտվում վեպի վերջին տողերով` առանց դադարի եւ ժամեր շարունակ: Այլ գնահատական չես կարող տալ. այս ամենը ճանաչված գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի փառավոր, միաժամանակ դժվարին ու հակասություններով լեցուն կյանքի գեղարվեստական պատումն է։ Բայց այս ամենը այնքան վավերական են այն պատմություններին, որ երբեմն տարակուսում ես, թե ինչպես է կարողացել այդպես ձուլել իրականությունը գեղարվեստական ու կերպարային մտածողության հետ։ Ի դեպ, Կարեն Օհանջի բոլոր կերպարները տպավորիչ ու բնութագրական են եւ հեղինակին օգնում են բացահայտելու Միքայել Արամյանցին ե՛ւ որպես գործարարի, եւ որպես մեկենասի, ե՛ւ որպես ամուսնու, ե՛ւ որպես ընտանիքի հոր, եւ որպես հայ մարդու։
Վեպի գործողությունների զարգացումները ցույց են տալիս, որ գործարար Արամյանցը որքան բնատուր էր, նույնքան էլ աշխատասեր ու նպատակին ձգտող ու հասնող: Մեկենաս Արամյանցը միշտ դժվարության մեջ գտնվողի կողքին էր եւ երբեք կարիք չկար, որ գային ու բազմիցս խնդրեին` ինչ-որ հարց լուծելու:
Կարդացեք նաև
Հեղինակը չի խուսափել ու ներկայացրել է այն ընտանեկան դրաման, որ Միքայել Արամյանցը ունեցել է իր ողջ կյանքում՝ ձգտելով միշտ մարդասիրություն դրսեւորել՝ անգամ իրեն անհասկանալի հարվածներ դրսեւորող մարդկանց նկատմամբ։ Խոսքը այս դեպքում իր կնոջ՝ Եղիսաբեթ Շոլկոյանցի եւ սիրած կնոջ՝ Եվգենիա Շխիյանցի մասին է՝ իրենց հակասական կերպարներով։ Այս ամենի կողքին ներկայացվում է մեկ այլ կնոջ՝ շվեյցարիացի Աննայի կերպարը, որը Արամյանցի սիրո երազանքի դրսեւորումն է՝ դարձյալ լիովին չիրականած տարբերակով։
Հետաքրքիր ու ջերմությամբ է ներկայացվում Արամյանցի դստեր՝ Ֆլորայի կերպարը՝ նաեւ Ֆյոդոր Շալյապինի հետ սիրո պատմությունով՝ կրկին իր ոչ բնական, բայց ռոմանտիկ ավարտով։
Վեպում իր տեղն ունի նաեւ մեր ժողովրդի մեկ այլ արժանավոր զավակ՝ Ալեքսանդր Մանթաշյանցը, որին հենց Միքայել Արամյանցն է մղել զբաղվել նավթարդյունաբերութամբ։ Չնայած դիմադրությանը՝ ներդրում է կատարել եւ դարձել Բաքվի նավթաշխարհի հզորներից մեկը։
Այդպիսին է հեղինակի կերտած Արամյանցի կերպարը, ով իր հետեւից միշտ բարության եւ մարդասիրության հետագիծ է թողել՝ իր գործընկերների, հայրենակիցների, օտարների նկատմամբ: Անգամ այն ժամանակ, երբ որեւէ գործարարական կապ չուներ Բաքվի հետ,ամեն առիթի դեպքում գումարային մասհանումներ էր կատարում եւ հանձնում քաղաքապետարանին՝ աղքատներին բաժանելու համար։ Նույնը եւ Շուշիում, Դերբենդում։ Դեռ ավելին, Արեւմտյան Հայաստանից փախստականների համար Ծալկայից ոչ հեռու՝ գետի ափին 80 հարմարավետ բնակարան ունեցող գյուղ հիմնեց, որի գյուղապետը իր եղբոր որդին էր՝ Դավիթը։ Բնակավայրը լայն փողոցներ ուներ՝ տնամերձ այգիներ ու հողակտորներ։ Արամյանցը հոգ էր տանում, որ գյուղացիք սերմացու ու անասուններ ունենային։ Պատահական չէր նաեւ այն իրողությունը, այս գյուղի բնակիչները բնակավայրը անվանեցին Արամաշեն, չնայած դրան դեմ էր մեծ բարերարը։
Վեպի հեղինակը իրավացիորեն ցույց է տալիս, որ Արամյանց-բարերարը միշտ Հայ առաքելական եկեղեցու կողքին էր։ Այս առումով հետաքրքիր ավանդազրույց է ներկայացնում Կարեն Օհանջը, ով բազմաթիվ պատմություններ է լսել իրենց գերդաստանի ավագներից։ Մասնավորապես դրանցից մեկը առնչվում է Հաղբատի կալվածքները բանկի միջոցով վրաց իշխանի կողմից սեփականացնելու եւ Արամյանցի դրդմամբ ու նրա միջոցով վերադարձնելու մասին։ Երբ այս խնդրանքով Ախթալա է գալիս մի ներկայացուցչական պատվիրակություն, կարծես, չի ուզում նրանց լսել ու անընդհատ հյուրասիրում է, բնության գեղատեսիլ վայրեր տանում: Խնդիրքով եկածները մտածում են, որ ժամանակ է ձգում խնդիրը չլուծելու համար։ Բայց պարզվում է այլ բան. նա վաղուց պատրաստել էր ոչ միայն այդ տարածքների վերադարձի, այլեւ նոր հատվածի՝ անտառի, Կայան բերդի եւ շրջակա հողերի Հաղբատավանքին նվիրատվության փաստաթղթերը, որոնք բոլորի զարմացած հայացքների ներքո պատվիրակությանը հանձնեց նրանց Թիֆլիս վերադառնալուց անմիջապես առաջ։ Հեղինակը իր հերոսի կյանքը նկարագրում է մինչեւ իր կյանքի ավարտը՝ ներկայացնելով ժամանակի լավագույն հյուրանոցի` «Մաժեստիկի» կառուցումից մինչեւ հեղափոխական ժամանակները ու խորհրդայնացումից բաժին հասած դժվարությունները ու հոգեբանական անհարմարությունները, նոր իշխանությունների խաբուսիկ խոստումները։
Ազատ եւ անկախ Հայաստանի տեսլականը միշտ նրա սրտում էր եւ պատահական չէր, որ հենց նրա հարկի տակ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։
Մի խոսքով, փոքրածավալ վեպում Միքայել Արամյանցի ողջ կյանքն է։ Գուցե այստեղ է նաեւ վեպի հեղինակի ստեղծագործական վարպետությունը՝ այսպես իր ասելիքը մատչելի կերպով փոխանցել տարբեր տարիքի ու մասնագիտության ընթերցողին, ով ցանկանում է մոտիկ եւ հավատարիմ լինել իր ազգային արմատներին եւ սերունդների այն հունձքին, որից միշտ պետք է դասեր քաղել։
Սերգո ԵՐԻՑՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
11.03.2020