Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկ Փաշինյանից՝ հարյուրամյակների, հազարամյակների համատեղ զարգացման մասին

Մարտ 12,2020 12:00

Պաշտոնական Երեւանը կրկին շեշտել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան, որտեղ կայացան նրա հանդիպումները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վրաստանի կառավարությունում կայացած հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Գիորգի Գախարիան նշել էր, որ կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի էլ ավելի խորացնեն երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները: Գախարիան հավելել էր, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում եւ երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է. «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»:

Փաշինյանն իր խոսքում նկատել էր՝ հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, եւ ժամանակն է մտածել այս տարածաշրջանում, եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին. «Ասածս ուղղակի գեղեցիկ ձեւակերպում չէ, այլ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն ե՛ւ ընդհանուր, ե՛ւ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում: Հայ-վրացական հարաբերություններն ամրացնող եւս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին: Այս հանգամանքը եւս մի կարեւոր անկյունաքար է»:

Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել եւ որ երկու երկրների կառավարություններին հաջողվում է հստակ քայլերով բոլոր պայմանավորվածություններն առաջ մղել: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Գախարիան բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:

Պաշտոնական Երեւանը, ի դեմս Փաշինյանի, կրկին շեշտել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ, երկկողմ օրակարգի կարեւոր մաս է դրա լիարժեք իրացումը եւ որ երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի։ «Այդ առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի, որովհետեւ իմ պատկերացմամբ, եթե մարդիկ Հայաստանը եւ Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք` մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կես ամիս անց Վրաստան այցի ժամանակ հենց այդ բանաձեւն է ինքն առաջարկել` երկկողմ հարաբերությունների հիմքում դնելու համար։ «Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես հակամարտություններն աշխարհում, նաեւ մեր տարածաշրջանում բացարձակ տարբեր են իրարից, տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, պատմությամբ եւ խորությամբ։ Եթե ընդհանուր բանաձեւերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ։ Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ այն, որ Վրաստանն ազատ առեւտրի համաձայնագրի է ստորագրել ԵՄ-ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, եւ դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»,- ասել է Փաշինյանը։

Հայտնի է, որ Փաշինյանն ու Գախարիան քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը եւ այդ համատեքստում անհրաժեշտ համարել գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը, ինչպես նաեւ անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարեւորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ եւ հեռահաղորդակցային կապի ուղղությամբ:

Մարտի 3-ին Փաշինյանը հյուրընկալվել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, նրանք քննարկել էին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցեր, ՀՀ վարչապետը համոզմունք էր հայտնել, որ այցի ընթացքում՝ «կուրվագծվեն միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ»:

Վրաստանի հոգեւոր առաջնորդ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը ողջունել էր Փաշինյանի պաշտոնական այցը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը. «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական եւ կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»: Փաշինյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է սերտ համագործակցությամբ իրական փոփոխությունների հասնել եւ էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում. «Պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ հաջողությունների»:

Իսկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ հանդիպմանը վերջինս կարեւորել էր երկու երկրների կառավարությունների եւ խորհրդարանների միջեւ ակտիվ համագործակցությունը եւ ընդգծել, որ վարչապետի այս այցը  կնպաստի հայ եւ վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը եւ Արչիլ Թալակվաձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։

Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններից հետո Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպում ունեցավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ ընդգծել է, որ՝ «երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ» եւ նրա համոզմամբ՝ երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է: «Սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եւ Վրաստանի համար: Մեր հաջորդ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով` դեպի ապագա, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ իրար հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան: Վերջին գրեթե երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն իշխանությունները այցելություններ են ունեցել, հանդիպումներ: Այս ընթացքում Վրաստանում վարչապետ փոխվեց, որի հետ եւս Փաշինյանը ձգտում էր ցույց տալ, որ ընկերական-բարեկամական հարաբերություններ ունի, եւ պատրաստակամ է այդ հարաբերություններն էլ ավելի խորացնել:

Վրաստանի գործող վարչապետի հետ նույնպես Փաշինյանն իր վերջին այցով նպատակ ուներ իր պատրաստակամությունն արձանագրել: Հայաստան-Վրաստան հարաբերությունները բոլոր ղեկավարների օրոք գրեթե չեն տարբերվել, այն առումով, երբ խոսքը վերաբերել է երկու հարեւան երկրների համար այդ հարաբերությունների կարեւորությունը գնահատելու առումով:

Ավելին՝ նախորդ իշխանությունների ժամանակ եւս, մշտապես նշվում էր, որ երկու երկրների հարաբերություններում կա չօգտագործված ներուժ եւ որ երկու երկրների միջեւ չկան անլուծելի խնդիրներ: Սա միակ արձանագրումն է, որ արդեն, թերեւս, 2 տասնամյակ ասվում է անփոփոխ: Սակայն գործնականում, կարծես, ինչ-որ բան, այնուամենայնիվ, պակասում է՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու առումով:

Մտածել այս տարածաշրջանում, եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին, իհարկե, միշտ կարելի է եւ խիստ անհրաժեշտ է: Բայց առանց փոքր քայլերի իրագործման՝ դա դժվարությամբ իրականություն կդառնա:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031