Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես էլ Սամվել Բաբայանն իր քաղաքական հասունությունը չապրեց». ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ

Մարտ 11,2020 23:15

«Սամվել Բաբայանը, եթե մինչեւ հիմա չի հասկացել, որ Դաշնակցությունը դատախազ չի ունեցել, որ դատախազը քաղաքական պաշտոն չէ, որ այդ անձի կուսակցական պատկանելությունը սառեցված էր,այդպես էլ Սամվել Բաբայանն իր քաղաքական հասունությունը չապրեց, իր մանկամիտ որակումներով փորձում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել՝ ուրիշներին մեղադրելով: Հետեւելով իր քարոզարշավին, իր տեսակետներին՝ այդ մանկամիտ քաղաքական կեցվածքը չի կարող որեւէ ձեւով հասուն լինել: Քաղաքական առումով չեմ ուզում իր մակարդակին իջնել: Ինչ վերաբերում է  սպանություններին ու բոլոր ակտերին՝ Դաշնակցությունը չէ, որ մեղադրում է, Դաշնակցությունը նման մեղադրանք չի ներկայացրել,  Արցախի հասարակությունը, 90-ականների այդ հանձնառու սերունդը լավ գիտի՝ ով է  Սամվել Բաբայանը եւ ինչ հետք է թողել իր բոլոր բացասական ու դրական կողմերով, կարծեմ՝ բացասական շատ կողմեր կան»,-Aravot.am-ին ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝արձագանքելով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Դաշնակցությանը վերաբերող հայտարարությանը:

Սամվել Բաբայանն ասել էր. «Դաշնակցությունը մեզ մեղադրում է սպանության մեջ, չէ՞, Արթուր Մկրտչյան, Նորիկ Դանիելյան եւ այլն, երեք, չորս տարի Արցախում եղել են գլխավոր դատախազ, ինչո՞ւ գործ չեն հարուցել, ինչո՞ւ այդ գործերը չեն բացել, ո՞վ է խանգարել, բացեիք»:

Ի դեպ, Սամվել Բաբայանը նկատի ուներ Արթուր Մոսիյանին, որը 2005-2007թթ եղել է ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչ, դրանից հետո զբաղեցրել է Արցախի Արդարադատության նախարարի, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահի ու գլխավոր դատախազի պաշտոնները: Նա մեզ հետ զրույցում արձագանքեց՝ ինքը ինչ կապ է ունեցել Դաշնակցության հետ, հետո խոստացավ ավելի ուշ անդրադառնալ Սամվել Բաբայանի այդ հայտարարությանը:

Իսկ Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նաեւ հավելեց.  «90-ականների պատվերների, պատվիրատուների եւ պարտակողների այդ հասկացողությունը խորը նստվածք է տվել մեր մեջ: Մենք լավ գիտենք բոլոր այդ ակտերի՝ լինի ահաբեկչական կամ այլ, պատվիրատուներն ովքեր էին, պարտակողներն ովքեր էին»: Իշխանյանը հիշեցրեց 1994 թվականին գերագույն խորհրդում  Բաբայանի արած հայտարարությունը, թե «չեք իմանում, ես եմ ամեն ինչը՝ երկրի նախագահը, ես եմ ամեն ինչի պատասխանատուն…Դիկտատորական համակարգը, որ ձեւավորվել էր պատերազմից հետո, կարծեմ թե շատ ակնհայտ էր՝ ում նախաձեռնությամբ ու պատասխանատվության տակ էր: Քաղաքական ցինիզմով ու մանիպուլյացիաներով չի կարելի ժողովրդին խաբել, դա գործելաոճ չէ: Առիթներ կլինեն դեռ այդ մասին խոսել ու փակագծեր բացել, բայց քաղաքական կոռեկտությունն ու մեր հասունությունը, նաեւ մեր անվտանգության համակարգը թույլ չի տալիս այդ ամենի մասին բարձրաձայնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031