Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որն այսօր Գյումրիում մասնակցում էր 28-ամյա տղամարդու կողմից ծեծելով սպանված 42-ամյա կնոջ հուղարկավորությանն, ասաց․ «Եթե նույնիսկ ճակատագիրը և անձինք, որոնց կինը վստահել է, դաժան են գտնվել, հանրությունը պիտի հոգատար լինի, եթե միջավայրն է, շրջապատն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է հոգատար լինել, կարծում եմ մեր ներկայությունը դրա արձանագրումն է։
Ես հավատացած եմ, որ այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին, և սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց պարտականությունները։ Ցավով եմ արձանագրում այս ամենը և կարծում եմ, որ կինը ոչ միայն բռնարարի զոհ է, այլ նաև նրա շրջապատի մարդկանց լռության զոհն է։
Մենք պիտի ամեն ինչ անենք, որ լռության քողի ներքո այլևս զոհեր չլինեն։ Եվ ես իսկապես ուզում եմ, որ ոչ մի կին չհանդուրժի թեկուզ մեկ ապտակ, թեկուզ մեկ հարված և նաև հասկանում եմ, որ այդ հարցում մենք բոլորս՝ և՛ հանրությունը, և՛ պետության կառույցները պիտի օգնենք, որովհետև շատ հեշտ է միշտ ասել ՝ եթե չի ուզում, կարող է թույլ չտալ, բայց կան տարբեր՝ բարոյական տնտեսական, հոգեբանական ճնշումներ, որոնց մասին մենք տեղյակ չենք»։
Կարդացեք նաև
Ազգային ժողովի փոխնախագահը նաև ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի սպանված կնոջ 12-ամյա երեխայի խնամակալությունը կազմակերպվի լավագույն շահերին համապատասխան։
Նա նաև տեղեկացրեց, որ մյուս շաբաթ հանդիպելու է այն Հ/Կ ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են կանանց նկատմամբ բռնության պայքարի հարցերով և քննարկելու են այն օրենսդրական հնարավորությունները, որոնք կտան մեխանիզմներ, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան էլ ավելի գործուն մասնակցություն ունենալ բռնությունը կանխելու համար։
Ըստ Լենա Նազարյանի, օրենքը ինչ-որ չափով գործում է, բայց փաստացի կանխարգելման մեջ պիտի գործուն մասնակցություն ունենան կրթական և սոցիալական ծառայությունները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ