Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք խնդրահարույց խախտում ՝ ըստ «Ոչ»-ի. «Ա1+»

Մարտ 11,2020 22:07

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմը ակտիվ քարոզարշավ չի անում։ Նույնիսկ այս պահին հեռուստահրավերներից հրաժարվում են։ «Ոչ» -ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք ստանձնել են վերահսկողական գործառույթ, և փորձում են պատշաճ իրականացնել ու արձագանքել այն բոլոր խախտումներին ու խնդրահարույց իրավիճակներին, որոնք տեղի կունենան քարոզարշավի ընթացքում։

«Մենք իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ ենք, որը դիմել և ստանձնել է «Ոչ» քարոզչական կողմի պաշտոնական կարգավիճակը, բացառապես այն պատճառով, որ քաղաքական ուժերը հրաժարվեցին ստանձնել «Ոչ» քարոզչական կողմի կարգավիճակը այս հակասահմանադրական հանրաքվեում։ Մեզ համար անընդունելի էր, որ մեր երկրում գործընթաց ընթանա, որը չունենա երկու կողմ»,- նշեց նա։

Այս փուլում «Ոչ» կողմը զբաղվում է հանձնաժողովներում անդամներ նշանակելու և վստահված անձանց կազմի համալրման գործընթացով։

Փետրվարի 17-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում, ըստ Ռուբեն Մելիքյանի, գրանցվել են 3 խնդրահարույց խախտումներ։

Առաջինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաքից հետո հայտարարությունն է, թե հավաքված գումարը կուսակցության կարիքները հոգալու համար կօգտագործվեն։ Դրամահավաքին ՔՊ-ն հավաքել էր 205 մլն 560 հազար դրամ, որից միայն 100 մլնն է օրենքով նախատեսված քարոզարշավի ծախսերը հոգալու համար։

Պարոն Մելիքյանը հիշեցնում է, որ ըստ օրենքի՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

«Մենք շարունակում ենք պնդել, որ այստեղ տեղի է ունեցել օրենքի շրջանցում և դրամահավաքը պետք է բացառապես ուղղված լիներ հայտարարված նպատակին, իսկ ավել հավաքված գումարը պետք է վերադարձվեր պետական բյուջե»,- ասաց պարոն Մելիքյանը։

Երկրորդ խախտումը, ըստ նրա, Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, «Այո»-ի շտապի պետ ելույթն էր։ «Ի պաշտոնե գործող նախարարը ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ փաստացի իրականացրեց «Այո»-ի քարոզչություն, հետո էլ փորձեցին դա հիմնավորել, որ ժամը 18։00-ից հետո է ելույթն արել, հաշվի չառնելով, որ արգելքը ժամին չի վերաբերում, այլ ի պաշտոնե գործելուն։ Այդ պահին Սուրեն Պապիկյանը նախարարի կարգավիճակով էր, ոչ թե քաղաքացու»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Նա պնդում է՝ երրորդ խախտումը Նիկոլ Փաշինյանի՝ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզի Ագարակ քաղաք մեկնելն էր։ Ռուբեն Մելիքյանը վարչապետի պարզաբանմանը ծանոթ է, բայց իր մոտեցումը չի փոխել։ «Այո, վարչապետը պետական պահպանության իրավունք ու պարտականություն ունի, անգամ արձակուրդի պայմաններում։ Ավելին՝ համապատասխան մարմինները պարտավոր են այս շրջանում իրենց գործառույթներն իրականացնել, որովհետև քարոզչության շրջան է, վարչապետը քաղաքացիների հետ շատ է շփվելու, դա ոչ մեկ չի վիճարկում, բայց դա ի՞նչ կապ ունի ուղղաթիռի որպես մենաշնորհային փոխադրամիջոց օգտագործելու հետ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը, շեշտելով, որ պետական ռեսուրսը չի կարող օգտագործվել քարոզարշավի ընթացքում, միակ բացառությունը անվտանգության նկատառումներն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031