Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխության հանրաքվեի քարոզարշավին Սյունիքի մարզ ուղղաթիռով մեկնելը՝ մյուս կողմի համար անհավասարություն է ստեղծում:
Փաշինյանն արձակուրդում է, հանրաքվեի քարոզարշավին պետական միջոցներով ուղղաթիռից օգտվելն օրինական է. հայտնում է տեղեկատվության ստուգման կենտրոնը: Այս նույն աղբյուրը հղում անելով Ընտրական օրենսգրքին, նշում է. «…արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների»։ Իսկ վարչապետը հատուկ պետական պաշտպանության ներքո գտնվող անձ է:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը գտնում է՝ խաթարվել է քարոզարշավին հավասար պայմանների ապահովելու պահանջը: Aravot.am-ի հետ զրույցում Այվազյանն ասաց՝ քարոզարշավին մասնակցելու կողմերի համար հավասարության գործոնը խաթարվել է:
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է ուղղաթիռով «Այո»-ի քարոզարշավին ուղղաթիռով մեկնելուն.« Ինչի՞ եմ եկել պետականով, որովհետեւ, ժողովուրդ ջան, էդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»:
Կարդացեք նաև
Ամեն անգամ, երբ նմանատիպ գործողությունների համար Փաշինյանին քննադատում են, ինքը հակադարձում է՝ օրենքն է այդպես սահմանում.որքանո՞վ է տեղին վկայակոչել՝ նախկիների ընդունած օրենքն է, արդյոք այդ օրենքները չպետք է փոփոխվեն: Այս հարցին ի պատասխան Այվազյանն ասաց. «Վաղ, թե ուշ՝ այդ օրենքները պետք է փոխվեն, բայց առաջին հերթին Սահմանադրությունը, հետո նոր այդ օրենքները՝ համապատախանաբար: Փաշինյանը հիշատակելով, որ նախկինների ընդունած օրենքն է, ուզում է շեշտադրել, որ ինքը չի հորինել այդ օրենքը, այլ՝ նախկիններն են արել իրենց պաշտպանելու հնարավորություն տալու համար»: Այվազյանի կարծիքով՝ պետք է Փաշինյանը նշի այդ հանգամանքը, որպեսզի մարդիկ տեղեկացվեն.«Որովհետեւ կարող է դա այլ լուսի ներքո ներկայացվի, թե՝ ինքն է իր համար արտոնյալ պայմաններ ստեղծել: Մինչդեռ դա այնքան էլ այդպես չէ, արտոնյալ պայմանները ստեղծվել են այլոց կողմից, տվյալ դեպքում ինքն օգտվողի դերում է հայտնվել»:
Նախկինում ընդդիմությունը ակտիվ քննադատում էր, երբ ՀՀԿ-ականները, նրանց ղեկավարները ծառայողական ավտոմեքենայով հանկարծ քարոզարշավի էին մեկնում. Մեր այս դիտարկմանն ի պատասխան Այվազյանն ասաց՝ իհարկե, լավ չէ, որ նման օրենսգիրքը չեն փոխել. «Մենք ինքներս ենք պայքարում, որ փոխվի, բայց կներեք, ՀՀԿ-ակաները չեն քվեարկել, որ օրենքում փոփոխությունները չընդունվեցին, չմոռանանք այս հանգամանքը: Իրերն իրենց անունով կոչենք՝ մի կողմը փորձում է մանիպուլյացիա անել, մյուս կողմն էլ օգտվում է օրենքով նախատեսվածից»:
«Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Անգամ արձակուրդում գտնվելու ժամանակ վարչապետը օգտվում է պետական համապատասխան ծառայությունից, ընտրական օրենսգիրքն այստեղ կիրառելի է՝ հանրաքվեի քարոզարշավի դեպքում, նշվում է նրա անվտանգության ապահովման միջոցառումների մասին, այսինքն, պետական միջոցների օգտագործումը կարող է իրավաչափ լինել: Հիմա թող մեր քաղաքացիներն իրենք իրենց հարց տան՝ արդյոք ուղղաթիռը, այլ՝ ոչ թե ավտոմեքենան, ընտրվել է անվտանգությա՞ն նկատառումներով, թե՞ 7 ժամ խնայելու, շատ ավելի արագ Երեւանից Սյունիք հասնելու համար: Այն մարդիկ, որոնք գտնում են, որ սա իսկապես անվտանգության նկատառումներով է արվել, դա իրենց խնդիրն է: Ես եւ այլ քաղաքացիներ վստահ ենք՝ դա արվել է ժամանակ խնայելու համար»:
Մելիքյանը նկատում է՝ ընդ որում, ժամանակի խնայումն այնպիսի պայմաններում է լինում, հակառակ կողմը հնարավորություն չունի օգտվելու. «Եթե լիներ քաղաքացիական ավիացիա՝ Երեւանից դեպի Հարավային Սյունիք, այն ժամանակ այս խախտումն այնքան տեսանելի չէր լինի, կամ նույնիսկ կարելի էր քննարկել՝ խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց այն պայմաններում, երբ սա մենաշնորհային միջոց է, եւ չկա հասարակ քաղաքացիների, այդ թվում «Ոչ»-ի քարոզչության կողմի ներկայացուցիչների համար հնարավորություն, սա միանշանակ, մեր պատկերացմամբ՝ խախտում է: Ինչո՞ւ չի ընտրվում այն միջոցը, որը հավասար հնարավորություն է տալիս բոլորին»:
Մելիքյանի վստահեցմամբ՝ տարիների լրահոսն են ուսումնասիրել եւ չեն չգտել մի դեպք, նախորդ ընտրություններից, սկսած 1-ին նախագահից, երբ քարոզչության ժամանակ ուղղաթիռ է օգտագործվել. «Բայց գուցե կային, ուղղակի մենք չենք գտել: Մենք կարծում ենք՝ լավ է, որ այդ խնդիրը բարձրաձայնեց, եւ եթե սա լինի վերջին նման դեպքը, մենք կհամարենք մեր խնդիրը լուծված է, որովհետեւ մեր խնդիրն առաջին հերթին կանխարգելումն է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Մելիքյանի վստահեցմամբ՝ տարիների լրահոսն են ուսումնասիրել եւ չեն չգտել մի դեպք, նախորդ ընտրություններից, սկսած 1-ին նախագահից, երբ քարոզչության ժամանակ ուղղաթիռ է օգտագործվել»
Եղել է նման դեպք՝ 1998-ի ՀՀ նախագահի ընտրություններում. Ռ.Քոչարյանը ուղղաթիռով էր մեկնել Ալավերդի, իսկ Կ.Դեմիրճյանը՝ ավտոմեքենաների շարասյունով, և ես, որպես լրագրող, այդ շարասյան մեջ էի: Դա տեղի էր ունեցել նույն օրը, և Քոչարյանը, բնականաբար, մի քանի ժամ առաջ էր եղել այնտեղ, ու վերադարձել Երևան, իսկ մենք վերադարձանք շատ ուշ, քանի որ գնալը և վերադառնալը գյուղերով էր:
Ավելացնեմ, որ ռեպորտաժն էլ տվեց հենց Առավոտում, թեև ես թերթի լրագրողը չէի: