«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել` այդպիսով բավարարելով նրա պաշտպաններ վերաքննիչ բողոքը` ուղղված քննիչի` կալանքը երկարաձգելու միջնորդության դեմ։
«Հիմնավոր կասկած չի եղել, դա դատարանի որոշման հիմքում է դրվել։ Արմեն Թավադյանից առգրավված իրերը դեռ չեն վերադարձվել, ինչի նպատակն է` խոչընդոտել Արմեն Թավադյանից մեդիա գործունեությունը։ Փաստորեն, հաստատվեց այն, ինչ պնդում էինք` այս ընթացքում նա ապօրինի է պահվել կալանքի տակ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է դեկտեմբերի 24-ին. մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում: Գործը նախաքննության փուլում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ