Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկված 12-ամյա աղջկա խնամակալ միգուցե դառնա եղբայրը․ մի հոգի արդեն ցանկություն է հայտնել

Մարտ 11,2020 18:45

Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տեքստիլագործների թաղամասում 28-ամյա տղամարդու կողմից 42-ամյա իր ընկերուհուն ծեծելով սպանելուն, նրա 12-ամյա աղջկան էլ  ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, ասաց, որ երեխաները երկկողմանի ծնողազուրկ են համարվում, կա կառավարության որոշում, ըստ որի․  նրանց հաշվառում են որպես առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներ։

«Հրավիրված նիստի օրակարգային հարցերը երկուսն են եղել, դրանք ավելի շատ վերաբերել են երեխաներին հաշվառելուն, և ,իհարկե, քննարկվել է խնամակալ նշանակելու հարցը։ Դա օրակարգի երկրորդ հարցն էր։ Երեխաները երկուսն են, ավագ եղբայրն է, որի 18 տարին լրանում է սեպտեմբեր ամսին և 12-ամյա Նազելին է»,-ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն  կա մեկ հոգի, որը 12-ամյա Նազելիի խնամակալը դառնալու ցանկություն է հայտնել, նա գրավոր դիմում է ներկայացրել քաղաքապետին։

Իսկ եղբայրը կդառնա՞ խնամակալ, խոսե՞լ են հետը, Էդուարդ Բաղրամյանն ասաց, որ եղբորը չեն տեսել, մինչև այժմ հանդիպում չեն ունեցել, սակայն չի բացառվում, որ նա սեպտեմբերին չափահաս դառնալուց հետո ստանձնի քրոջ խնամակալությունը։

Խնամակալ դառնալու անձի դիմումը չեն քննարկել, քանի դեռ աղջիկը ապաքինման մեջ է, նրա կարծիքը ևս պիտի հաշվի առնել։

«Ես ընդամենը ուզում եմ ասել՝ այն անձը, որը հայտնել է ցանկություն երեխայի խնամակալ ճանաչվել, խոսքը միայն Նազելիի մասին  է,  մենք այս պահին հրատապության խնդիրը չենք տեսնում։ Ես արդեն ասացի, որ կառավարության նույն որոշմամբ նախատեսված է, որ մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը  լիազորությունները տվյալ խնդրի հետ կապված դրվում են  համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա՝ ի դեմս համայնքապետարանի։

Մենք տվյալ անձի խնամակալ դառնալու խնդրին կանդրադառնանք ավելի ուշ։ Ինչո՞ւ, որովհետև դրա համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություններ կատարել, այսինքն` տեսնել, թե անձը որտեղ է ապրում, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ եկամուտներ ունի»։

Պաշտոնյան ասաց, որ հարցը հետաձգվել է մինչև երեխայի ապաքինվելը, նրա կարծիքը ևս պետք է հաշվի առնել։

«Պարզ չէ հետագայում կտեղափոխվի՞ Գյումրի, կմնա՞ Երևան, այսինքն` բնակության հանգամանքն այստեղ պարտադիր խնդիր է․ խնամակալը և իր խնամառուն պարտավոր են համատեղ, միասին ապրել։ Մինչ այդ հոգաբարձության և խնամակալության մարմինը՝ ի դեմս քաղաքապետարանի, հանդես է գալու որպես երեխայի շահերի պաշտպան ցանկացած հաստատությունում, որտեղ որ անհրաժեշտ է»։

Ըստ Էդուարդ Բաղրամյանի, հարազատներից ոչ մեկը ցանկություն չի հայտնել դառնալ խնամակալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031