Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջերմաստիճանի բարձրացումից էլ հնարավոր է, որ կորոնովիրուսը չնահանջի. համաճարակաբան

Մարտ 11,2020 18:35

Կորոնովիրուսը աշխարհի մի շարք երկրներում ոչ միայն չի նահանջում, այլեւ՝ նոր թափ է առնում՝ տարածվելով անգամ տաք երկրներում: Կորոնավիրուսի տարածման ռիսկով պայմանավորված չեղարկվում են հարյուրավոր չվերթներ, հիվանդության տարածումը կանխելու համար, երկրներն ընդարձակում են կարանտինը: Մինչդեռ առողջապահության ոլորտի օտարերկրյա եւ հայաստանյան մասնագետները կարծիք էին հայտնում, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ՝ +27-ից սկսած, վիրուսը կնահանջի՝ ինչպես գրիպի վարակի դեպքում է լինում:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նաեւ այլ բժիշկները նույնպես այսպիսի տեսակետ հայտնել են:

Արսեն Թորոսյանն ասուլիսում հայտարարել էր, որ ռեսպերատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին. «Եղանակը տաքանում է, թե՛ վիրուսներն են ոչնչանում բաց միջավայրում՝ արեւի տակ, եւ թե՛ փակ տարածքներում մարդկային կուտակումները քչանում են, կանխարգելվում է դրանց ինտենսիվ տարածումը»:

Այժմ սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները մտավախություն են հայտնում, որ անգամ այս տարվա ամռանը կորոնովիրուսի տարածման դադարեցումը քիչ հավանական է: Մասնավորապես՝ ԱՀԿ առողջապահության համաշխարհային ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը ասել է՝ սին հույսեր են, որ կորոնովիրուսը կանհետանա ամռանը՝ ինչպես սեզոնային գրիպը, քանի որ ապացույցներ չկան:

ԱՀԿ-ի մասնագետի կանխատեսումների վերաբերյալ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից Aravot.am-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Բոլոր մասնագետները՝ կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի գլխավորությամբ, զբաղված էին Իտալիայից Հայաստան ժամանած մեր քաղաքացիների զննության եւ այլ կազմակերպչական հարցերով: Նախարարությունից հայտնեցին, որ մեր բոլոր հարցերին կպատասխանեն վաղը:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե եղանակները տաքանալուն զուգահեռ էլ, կարծես թե կորոնովիրուսը չի նահանջում, ավելին՝ սահմաններն ընդլայնում է, այս մասին նշել է նաեւ Առողջապահության նախարարը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Արմենակ Համբարձումյանն ի պատասխան ասաց՝ հնարավոր է եւ չնահանջի. «Պատճառը մեկն է բնությունը եւ ընդհանարապես մարդիկ, վիրուսի հետ առաջին անգամ են հանդիպել, մեր իմունային համակարգը պատրաստ չէ այդ վիրուսի դեմ պայքարել»:

Պարոն Համբարձումյանի խոսքով՝ ով վարակվի՝ հնարավոր է՝ հիվանդանա, բայց պարտադիր չէ այն բարդ ախատանշաններով ուղեկցվի. «Վարակվողը՝ կվարակվի եւ պարտադիր չէ, որ իմունային համակարգը կարողանա հաղթահարել դա: Բայց հնարավոր է եւ չվարակվի, եթե պահպանի հիգիենայի կանոնները»:

Համաճարակաբանն ասաց, որ կորոնավիրուսը տարբեր մեխանիզմներով է փոխանցվում. հիմնականը օդակաթիլային ճանապարհն է. «Բայց մեծ նշանակություն ունի նաեւ շփման միջոցով եւ չի բացառվում նաեւ կղանքի միջոցով փոխանցումը»:

Ինչ վերաբերում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ վիրուսի տարածումը նվազելուն, ապա, Արմենակ Համբարձումյանը նշեց, որ դա վերաբերում է սեզոնային գրպին. «Երբ ջերմաստիճանը բարձրանում է՝ գրիպը նահանջում է: Հույս ունենք, որ կորոնավիրուսն էլ կարող է այդպես լինել, բայց 100 տոկոսով չենք կարող ասել: Նոր վիրուս է, ուսումնասիրություններ չկան, այդ մասով»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում կորոնովիրուսի դեմ պայքարը Հայաստանում եւ արդյոք կա՞ մտավախություն նոր դեպքեր ունենալու, հատկապես, որ վարակի օջախներից մեկից՝ Իտալիայից, ուղեւորների նոր հոսքեր ունենք, բժիշկ Համբարձումյանն ասաց. «Մեր համաճարակաբանները, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները, որոնք օդանավակայաններում ու ցամաքային սահմաններում ամենօրյա ռեժիմով աշխատում են, շատ լավ գիտեն՝ ինչ պետք է անեն եւ անում են եւ դրա գնահատականն այն է, որ այսօրվա դրությամբ, երբ մի շարք երկրներում այդպիսի բռնկում կա Հայաստանում ընդամենը մեկ դեպք ունենք»:

Ուղեւորների հոսքի, նոր դեպքեր ունենալու մտավախության առնչությամբ էլ, պարոն Համբարձումյանն ասաց՝ բոլորը ստուգվում են, ինքնաթիռի մեջ եւ վայրէջքը կատարելուց հետո, ջերմաչափում է արվում, բոլոր ժամանածները լրացնում են՝ որտեղ պետք է գտնվեն, դա տրվում է պոլիկլինիկաներին, որպեսզի պոլիկլինիկաները նրանց 14 օր հսկեն: Հետաքրքրվեցինք՝ կարանտինի մեջ գտնվող անձինք տանից դուրս գալու իրավունք ունե՞ն, բժիշկ Համբարձումյանն ասաց, որ նրանց ցուցվում է՝ միայն շատ մեծ անհարժեշտության դեպքում, օրինակ՝ երբ ուտելու բան պետք է գնեն:

Մեր այն դիտարկմանը, թե օրինակ՝ Իսրայելում, որտեղ նույնպես 5 հազարից ավել քաղաքացի է «կասկածվում» որպես կորոնավիրուսակիր, 14-օրյա կարանտինի ժամանակ նույնիսկ տանից դուրս գալ չի թույլատրվում՝ հակառակ դեպքում քաղաքացին կարող է ազատազրկվել, պարոն Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ այդքան մարդու նույնիսկ պրակտիկորեն հնարավոր չէ հսկել: Մեր հարցին, այնուամենայնիվ մտավախություն դեռ կա՞, որ մեր երկրում նոր դեպքեր կլինեն, պարոն Համբարձումյանն ասաց՝ իհարկե, ոչ ոք չի բացառում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031