Aravot.am-ի հետ զրույցում այսօր «Օֆշորի» հայտնի գործով տուժող ճանաչված, սնանկ գործարար Փայլակ Հայրապետյանը մեկնաբանեց գործով մեղավոր ճանաչված, իսկ վերջերս՝ արդարացված գործարար Աշոտ Սուքիասյանի պաշտպանի այսօրվա հայտարարություններն այն մասին, թե ինքը հովանավորներ ունի դատական համակարգում եւ Սարգսյանների ընտանիքում, որ կապեր ունի Սուքիասյանի արդարացման դեմ հղված վճռաբեկ բողոքը քննող դատավորների հետ:
Փայլակ Հայրապետյանը պնդեց, որ դատավորների հետ կապի մասին տեղեկությունները սուտ են. «Այ բալա ջան, մենք մինչեւ այսօր որեւէ ծանոթ չենք ունեցել, ի՞նչ ծանոթ: Այդ իրենք ունեն ծանոթներ»:
Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանի պնդմանն ի պատասխան, որ Հայրապետյանի որդին դատախազ է աշխատել, Հայրապետյանն ասաց, որ տղան ինքն է դիմում գրել եւ դուրս եկել համակարգից, այն էլ՝ քսան տարի առաջ:
Զելիմ Թադեւոսյան անունով դատախազին էլ վստահեցրեց, որ չի ճանաչում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ խնամիական կապեր ունի, Փայլակ Հայրապետյանը նշեց. «Հիմա ասեմ ինչ է եղել, ինչ կապ է եղել: Երբ դա եղել է, «օֆշորի» գործն արդեն կար: Եղբորս՝ Միշայի թոռնուհին ամուսնացել էր Սաշիկի տղաներից մեկի հետ: Չեմ էլ հիշում, թե որ մեկի, որ նստած է, նրա հետ եմ: Սովորել էին իրար հետ, եկան, ուզեցին աղջկան: Ես համաձայն չէի, որ մեր աղջիկը նրանց տուն գնար, ես դեմ էի, որ նրանք նշանվեն: Գնաց, մի ամիս անց փախավ-եկավ…մենք որ բարեկամ լինեինք, նման բան կլինե՞ր: Ինձ դա դուր չէր գալիս, ասում էի, որ նրանց հետ ընկերություն-բարեկամություն հնարավոր չի անել: Աղջկա պապն էլ էր դեմ»:
Փայլակ Հայրապետյանն ընդգծեց, որ Աշոտ Սուքիասյանի պաշտպանական կողմը փրփուրներից է կախվել. «Գիտեք, թե ովքեր են կապված այս գործի հետ՝ Նավասարդ Կճոյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ես շիտակ մարդ եմ: Նրանք միայն ինձ չեն գցել, այլ բոլորին: Ես ունեցվածքս բան եմ դրել, ունեցվածքս նրանք օֆշոր են փոխանցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ