«Որ նավթի գներն ընկել են, ոսկու գները թռել են, ու Ամուլսարի կողմնակիցներն երեկվանից ինձ գրում են՝ բա որ բացված լիներ…»,- այսօր Գորայք համայնքում «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին:
Նա ասաց, որ միեւնույն ժամանակ ե՛ւ շահագրգիռ է, որ Ամուլսարն աշխատի, ե՛ւ շահագրգիռ չէ. «Շահագրգիռ եմ, որովհետեւ գիտեմ, որ հանքի շահագործումը տնտեսական օգուտներ կբերի: Շահագրգիռ չեմ, որովհետեւ մինչեւ այս պահը մենք անհերքելի փաստեր չենք ասել, որ հանքի շահագործումը կարողանալու ենք ապահովել …եթե լինեն անհերքելի փաստեր, որր մենք կարողանալու ենք բնապահպանական կառավարելի ռիսկերով շահագործեն, կողմ կլինեմ»:
Բնակիչներից մեկը դժգոհեց, որ համայնքում սարսափելի արտագաղթ կա, 42 բնակարան փակ է. «Ժամանակին մենք ունեցել ենք 512 աշակերտ, ունեցել ենք հայկական եւ ռուսական դպրոց, այժմ մենք ունենք ընդամենը 50-60 աշակերտ, ոչ ավելի, բայց կրթության որակը մեզ մոտ այնքան բարձր է, որ այս տարի մենք ունենք 12-րդ դասարանում ընդամենը 4 աշակերտ, երկու ոսկե մեդալակիր եւ 4 բուհի հավակնորդներ: Մեր երեխաները օլիմպիադաների ժամանակ հաղթանակած եկել են: Հիմա դուք պատկերացնում եք, այս տարի մենք առաջին դասարան չենք ունենալու: Ե՛վ խնդրում եմ, ե՛ւ պահանջատեր եմ, մեր ժողովրդի կողմից պահանջում եմ օրինական ձեւով այս հարցին լուծում տաք, որովհետեւ մեր գյուղի երիտասարդներից գնացել սովորել են, բարձրակարգ վարպետներ, մասնագետներ են դարձել, եկել են այստեղ՝ աշխատանք չկա, նորից թողնում գնում են»:
Վարչապետը բնակչի ասածն ընդունեց ի գիտություն ու ասաց, որ այդ թեմայով վաղը կխոսի նաեւ Ջերմուկում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ