Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին:
Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝ նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը:
Կարդացեք նաև
Նախագահը նաև ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա նշել է երկրի հիմնական օրենքի մշակման գործընթացում հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցության կարևորությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է իր առաջարկություններով և կարողություններով համագործակցել թե նախարարության, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ:
Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ