«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունն այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է: Որոշումը կհրապարակվի առաջիկայում, դատարանը ժամ չի սահմանել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Թավադյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը: Նա երեկ ասել էր, որ դատարանին նոր հանգամանքներ են ներկայացնելու:
Այսօր Օրբելյանը փոքր ինչ մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը. «Որոշակի նյութեր են հասանելի դարձել, ավելի մանրամասն չեմ կարող ասել, նախաքննական գաղտնիք կա: Այդ նյութերը կարիք կար ներկայացնելու այս վարույթում՝ որպես հավելյալ հիմնավորումներ: Սա չի նշանակում, թե մեր բողոքի բովանդակությունը բավարար չէր»:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է դեկտեմբերի 24-ին. մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում: Գործը նախաքննության փուլում է:
Արամ Օրբելյանի խոսքով՝ դատախազն ու քննիչներն առարկել են նշյալ նյութերի ներկայացման դեմ. «Մենք պնդում ենք, որ Արմեն Թավադյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը հիմնավոր չէ, քննությունից խուսափելու ռիսկը նվազ է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ