Այս պահին ընթացքի մեջ է Օֆշորի հայտնի գործով տուժող, սնանկ գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի այն որոշման դեմ, որով վերջերս առաջին ատյանի կողմից 16 տարվա ազատազրկման դատապարտված գործարար Աշոտ Սուքիասյանն անմեղ ճանաչվեց եւ ազատ արձակվեց:
Հայրապետյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանից պահանջում են բեկանել Վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը եւ Սուքիասյանին մեղավոր ճանաչել:
Ինչպես այսօր «Արցախ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշոտ Սուքիասյանի շահերի պաշտպան Լուսինե Զեյնալյանը, Վճռաբեկը Հայրապետյանի բողոքը վարույթ է ընդունել սուբյեկտիվ նկատառումներով: Փաստաբանը նշեց՝ երբ գործը մտավ Վճռաբեկ, իրենք սեփական ուսումնասիրությունները սկսեցին, ինչի արդյունքում բացահայտել են Փայլակ Հայրապետյանին առնչվող ուշագրավ հանգամանքներ:
Փաստաբանի խոսքով՝ Փայլակ Հայրապետյանը վաղեմի կապեր ունի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործող նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, նրա հոր՝ Զելիմ Թադեւոսյանի հետ, որը տարիներ շարունակ եղել է դատախազ, հիմա՝ թոշակի անցել, եւ Հայրապետ Հայրապետյանի հետ, որը Փայլակ Հայրապետյանի որդին է եւ դատախազ է աշխատել. «Թադեւոսյանը հիմա բողոքը քննող դատավորներից է, նաեւ՝ դատավոր Սամվել Օհանյանը, որի անունը լուրերում շրջանառվում է: Մենք տեղյակ ենք, որ նա Հայրապետյանի հետ երեսուն տարուց ավելի՝ բարեկամական եւ մտերիմ կապի մեջ է: Նրա բարեկամներից ոմանք բիզնեսի ոլորտում գործընկերային հարաբերություններ ունեն Հայրապետյանի հետ: Հայրապետյանի կլանը միշտ սպառնացել է, որ դատական համակարգում խնդիրներ չունի եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ իրենց հիմքերն ամուր են: Այս հիմքով դատարանի կազմին բացարկ ենք ներկայացրել»:
Կարդացեք նաև
Ի հակառակ սնանկ գործարար Փայլակ Հայրապետյանի պնդումներին, թե Աշոտ Սուքիասյանն իր բիզնեսը խլել է, Սուքիասյանի պաշտպանը պնդեց, որ Հայրապետյանն է ներխուժել Սուքիասյանի բիզնեսի շրջանակներ. «Ժամանակին սպանության փորձ է կատարվել Աշոտ Սուքիասյանի որդու հանդեպ, նրան դուրս են նետել պատուհանից: Գործը չբացահայտվեց»:
https://www.facebook.com/aravot.am/videos/575333589734440/
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվել է փողերի լվացման, խարդախության եւ հարկերից խուսափելու համար. առաջին երկու դրվագով Վճռաբեկը նրան արդարացրել է: Փայլակ Հայրապետյանն էլ հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար։
Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանի բնորոշմամբ՝ Հայրապետյանը գտնում է, որ Աշոտ Սուքիասյանի պես գործարարին կարելի է մեղադրել եւ վարկաբեկել. «Հայրապետյանն իր ունեցվածքը, որը կուտակված է եղել պարտքերով, փորձել է ներդնել Աշոտ Սուքիասյանի բիզնեսի մեջ, այդ պատճառով առաջարկել է վարկ վերցնել: Սուքիասյանը միջազգայնորեն բարձր վարկանիշ ունեցող գործարար է: Սուքիասյանի ընկերությունը սնանկ է ճանաչված, իսկ գույքը վերցրել են բանկերը: Հայրապետյանն ի սկզբանե ծրագրել է մտնել բիզնեսի մեջ եւ գլխիվայր շուռ տալ, ինչը փաստեց այն, որ տարիներ առաջ խնամիական կապ հաստատվեց Սարգսյանների ընտանիքի եւ նրա միջեւ: Նա հովանավորյալներ ունի, իսկ հիմա մասամբ զրկված է այդ հովանավորչությունից, հիմա միայն Վճռաբեկ դատարանի հետ կապն է»:
Լուսինե Զեյնալյանի խոսքով՝ եթե Վճռաբեկը բավարարի Հայրապետյանի բողոքը, եւ Աշոտ Սուքիասյանին մեղավոր ճանաչի, Հայրապետյանն իրավունք կունենա պահանջելու գույքը, որը վերցրել են բանկերն ու պետությունը. «Հիմա նրան ոչ թե Աշոտ Սուքիասյան անձն է հետաքրքրում, այլ գույքը: Տասնյակ միլիոնավոր դոլարների արժողության գույքի մասին է խոսքը: Այդ գույքն իրավական տեսքի բերելու համար Աշոտ Սուքիասյանը մեծ գումարներ է վճարել: Աշոտ Սուքիասյանն այս ընթացքում չի կաշկանդվել դատական գործընթացից եւ շարունակելու է գործել, աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում եւ արտերկրում. նա թաքնվելու եւ խուսափելու բան չունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ