Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Տեքստիլագործների թաղամասում իր տան մեջ 28-ամյա ընկերոջ կողմից սպանված 42 տարեկան Մարինեին այսօր հուղարկավորեցին Գյումրու քաղաքային ու մարզային իշխանությունները:
Ներկա էին նաև Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ու Նիկոլ Փաշինյանի նորանշանակ մամլո քարտուղար Մանե Գևորգյանը։
Չնայած կինը բավական շատ հարազատներ ու բարեկամներ ունի, սակայն ոչ մեկը չէր եկել նրա հուղարկավորությանը։ Ավելին, հարազատները առարկություններ էին ներկայացրել գերեզմանատեղիի հետ կապված՝ չհամաձայնելով ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորել։
Գյումրու «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Դավթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Մարինեի եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է, նրա հետ կապ է հաստատել դասընկերը, որը և համոզել է նրան՝ թույլ տալ քրոջը հուղարկավորել հորն ու մոր մոտ՝ «Շիրակ» գերեզմանատանը։
Կարդացեք նաև
«Եղբայրը նեղված է եղել, դե վերջը մարդ է, ամաչել է, բայց դասընկերը համոզել է՝ ասելով, վերջը քո քույրն է, քո հարազատը, սարքված գերեզման է։ Եղբայրը տվել է իր համաձայնությունը, ասել է՝ հուղարկավորեք հորն ու մորս կողքին։
Իսկ սկեսրանց կողմի հետ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել, բայց իմ տեղեկություններով, երեկ ամուսնու քույրը զանգահարել է մարզպետարան՝ նախազգուշացնելով՝ հանկարծ չտանեք, եղբորս կողքը չթաղեք։
Եթե որևէ մեկը չհամաձայներ, քաղաքապետարանը տեղ ուներ, կտաներ, կհուղարկավորեր», -ասաց Արտյոմ Դավթյանը։
Հուղարկավորությունը տեղի ունեցավ եկեղեցական կարգով՝ քահանայի օրհնությամբ, մասնակիցները նշում էին, որ կինը դարձավ անտարբերության զոհ։
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ կինը ոչ միայն բռնարարի զոհ է, այլ նաև շրջապատի մարդկանց անտարբերության զոհն է, և եթե ժամանակին հարևանները, հարազատները, դպրոցի ուսուցիչները բարձրաձայնեին բռնության մասին, միգուցե այս դեպքը տեղի չունենար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ