«Եթե ապրիլի 5-ի հանրաքվեին քաղաքացին ասում է «այո», ուրեմն ասում է՝ Սերժ Սարգսյանի կոստյումի բոլոր հոդվածները լավն էին, բացի 214-ից. այդ հոդվածը փոխենք և լեգիտիմացնենք Սարգսյանի կոստյումը: «Ոչ»-ի դեպքում ասում է՝ 214-րդ հոդվածն էլ է լավը, եկեք լեգիտիմացնենք ամբողջը»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» (ՀԱՀ) քաղխորհրդի պատասխանատու Հրայր Աղինյանը:
«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման ներկայացուցիչները նստացույց են սկսել: Նրանք ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական:
Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 դատավորների լիազորությունները։ Հանրաքվեի քարոզչական շրջանում ձևավորվել է երկու շտաբ՝ «Այո» և «Ոչ» :
Ըստ Աղինյանի, իր գործընկերները նստացույց են անում, չպատկանելով որևէ քաղաքական ուժի՝ ներկայացնելով հասարակական ու մտավորական սեկտորին՝ պահանջելով նոր սահմանադրություն, սահմանադիր ժողով. «Երբ մենք զրուցում ենք գիտակից քաղաքացիների հետ, նրանց 30 տոկոսի մոտ կա այդ պահանջը: Այս հանրաքվեն հանրության այդ հատվածին զրկում է քվեարկելու իրավունքից, ստացվում է, որ նրանք չունեն քվեարկելու տեղ: Ամենասարսափելին այն է, որ այս հակաիրավական հանրաքվեն իրականանում է օրենքի տառին համապատասխան, քանի որ Սերժ Սարգսյանի գրած հանրաքվեի մասին օրենքում ասվում է՝ «հանրաքվեի պիտի դրվի հարց, որին կքվեարկեն «այո» կամ «ոչ»»: Ներկայիս իշխանությունն էլ փայլուն կերպով օգտագործում է այդ օրենքը, զրկելով մեր պես քաղաքացիներին քվեարկելու հնարավորությունից»:
Կարդացեք նաև
«Եթե 2018 թվականին ժողովուրդը ասաց՝ մենք չենք ապրում ժողովրդական համակարգում, ուրեմն ՝առաջին քայլը, որ պետք է աներ հեղափոխություն արած ուժը՝ սահմանադիր ժողով ձևավորելն էր, որով քաղաքացուն պետք էր հարցնել՝ ինչպիսի՞ երկրում ես ուզում ապրել, ի՞նչ երկիր ես պատկերացնում քո թոռների համար»,- ասաց Հրայր Աղինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ