Ադրբեջանում այսօր իրականացվող քաղաքական կուրսն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Տեսեք՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջը՝ պատերազմներ, փախստականների հոսք, հեղափոխություններ, քաղաքացիական անհնազանդություններ: Երկրներ են պառակտվել, շատ պետությունների աշխարհագրական սահմանները, կարելի է ասել, չեն արտացոլում իրական իրավիճակը, այսինքն` այդ երկրները պահպանում են ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն միայն քարտեզների վրա… Ո՞ր հեղափոխությունն է օգուտ բերել: Միայն վնաս, խնդիրներ, դիմադրություն և դրանք շարունակվում են: Նայեք հետխորհրդային տարածքին և Ադրբեջանի իրավիճակին»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ երկրում այժմ չկա մի գործոն, որը սպառնալիք է հանդիսանում հասարակական, քաղաքական կայունությանը: Ալիևի խոսքով՝ հակաադրբեջանական ուժերը փորձում են այդ գործոնները ստեղծել երկրի սահմաններից դուրս:
«Մեր բոլոր ներքին խնդիրները պետք է լուծվեն Ադրբեջանում: Մենք չպետք է քաղաքական տարաձայնությունները արտահանենք արտասահման: Դա անիմաստ է, քանի որ այսօր աշխարհում չկա մի ուժ, որը կարող է մեզ ինչ-որ որոշում պարտադրել: Նման ուժ չկա և քանի դեռ նախագահ եմ, չի էլ լինի»,-հավելել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ