Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴասԱ»-ն շարունակում է աշակերտների համար բացահայտել դասական երաժշտության աշխարհը

Մարտ 11,2020 15:52

Երևանի ավագ դպրոցներում իրականացվում է դեռևս նախորդ ուսումնական տարում մեկնարկած «ԴասԱ» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության համատեղ այս ծրագիրը սիրվել է աշակերտների կողմից‚ շատ պատանիների բերել համերգասրահներ‚ ապահովել շփումը դասական երաժշտության հետ‚ ծանոթացրել կոմպոզիտորների‚ նրանց ստեղծագործությունների‚ նվագախմբային արվեստի‚ երաժշտական գործիքների‚ դասական համերգին ներկա լինելու կանոնների մանրամասներին։

«ԴասԱ» ծրագրի ղեկավար Անի Աբովյանը‚ խոսելով դասական երաժշտության մասին երեխաների ունեցած գիտելիքների մասին‚ նկատում է‚ որ դպրոցներ իրենց այցելությունները ցույց են տալիս‚ որ, ընդհանուր առմամբ, բավականին մակերեսային են նրանց գիտելիքները դասական երաժշտության մասին։ «Դասականն աշակերտների համար հիմնականում հեռավոր, ոչ հասանելի ինչ-որ բան է թվում‚ ու հաճախ դժվար են ընդունում դասական երաժշտությունը։ Իհարկե, բոլոր դպրոցներում կան աշակերտներ, որոնք զբաղվում են դասական երաժշտությամբ և հետաքրքրված են ծրագրով‚ բայց նրանք բավականին փոքրաթիվ են։ Խնդիրը հաճախ ոչ թե գիտելիքի բացակայությունն է, այլ լսելու, ծանոթանալու ցանկության բացակայությունը։ Եվ մեր խնդիրն է նրանց մոտ հետաքրքրություն առաջացնելը, որպեսզի գոնե փորձեն լսել, հետաքրքրվել։ Մեծագույն հաջողություն է, երբ այդպիսի աշակերտները դառնում են ծրագրի ակտիվ մասնակիցներից։ Իսկ նման դեպքերը քիչ չեն»‚- ասում է Անի Աբովյանը։

«ԴասԱ»-ի ղեկավարը նկատում է‚ որ ծրագիրը երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնում է։ «Բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում․ շատ դպրոցներում, որտեղ մասնակիցների մեծամասնությունը ծանոթ չէ դասական երաժշտությանը: Դասի ընթացքում աշակերտները սկսում են ակտիվորեն ներգրավվել, հարցեր տալ, իրենց համար բացահայտել նվագախումբը, երաժշտական գործիքները և դասական երաժշտության աշխարհը։ Դա ծրագրի ամենամեծ ձեռքբերումն է․ երաժշտությամբ չզբաղվող աշակերտները հետաքրքրվում են ծրագրով, այնուհետև այցելում համերգի։ Շատերի համար դա առաջին դասական համերգն է նրանց կյանքում, բայց նրանք անպայման ուզում են գալ, լսել, գնահատել։ Այստեղ կարևոր են երեխաներին մատուցվող նյութը և երաժիշտների դերը։ Վերջիններս շատ մատչելի ու պարզ լեզվով են նյութը մատուցում, ինչը թույլ է տալիս աշակերտներին հեշտորեն ներգրավվել զրույցում։ Երաժիշտները ներկայացնում են, թե ինչ կարող է տալ դասական երաժշտությունը, պարզապես պետք է մեկ անգամ բացահայտել այդ աշխարհը։ Առաջին փուլում 13000-ից ավելի աշակերտ է մասնակցել «ԴասԱ»-ին, որից 2000-ը տարվա ընթացքում վերադարձել է համերգասրահ»‚- նշում է մեր զրուցակիցը։

Անի Աբովյանի տեղեկացմամբ՝ եթե առաջին փուլում կարևոր էր ծանոթությունը դասական երաժշտության հետ, հետաքրքրություն առաջացնելը, ապա երկրորդ փուլի նպատակն է ավելի խորքային գիտելիքներ հաղորդել նվագախմբի, գործիքախմբերի, երաժշտական գործիքների, համերգային ծրագրի, կոմպոզիտորների և ստեղծագործությունների մասին։ Երկրորդ փուլը խնդիր ունի ուսումնասիրելու առաջինի ազդեցությունը և մեկ քայլ առաջ գնալու գիտելիքների առումով. «Այս փուլում նաև աշակերտներին ենք ներգրավում ելույթների տեսքով, որպեսզի նրանց ընկերներն էլ տեսնեն, որ դասական երաժշտությունը շատ մատչելի ու հասանելի է թեկուզև իրենց ընկերների մատուցմամբ։ Մեզ հետ դպրոցներ են այցելում նաև հայտնի մենակատարներ, որոնց համերգը հետագայում ունկնդրելու են աշակերտները։ Այդպիսի հանդիպումները շատ տպավորիչ են․ դպրոցում հանդիպում ես մի երաժշտի, որն աշխարհի մեծագույն բեմերում է ելույթ ունենում, ու այսօր քեզ է ներկայացնում իր աշխարհը»։

Կազմակերպիչների կանխատեսմամբ՝ «ԴասԱ»-ի երկրորդ փուլում ակնկալվում է‚ որ մոտ 4000 աշակերտ կվերադառնա համերգասրահ ու կկապվի դասական երաժշտության հետ։

Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Անհրաժեշտ է բացատրել, որ ,,դասական,,-ը ոչ թե երաժշտության ,,տեսակ,, է, այլ երաժշտության բարձրակարգ ձևը, և այն ունի ազգային պատկանելություն՝ առաջնային տեղ հատկացնելով հայ դասականներին, հետո՝ արտասահմանյան … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031