Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը անօրինական հանրաքվեի միջոցով լուծելու Ձեր փորձը երկրում արմատավորում է անօրինականության մթնոլորտ. Բոյկոտի շտաբ

Մարտ 11,2020 15:42

ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Ն․Փաշինյանին

Ապրիլի 5-ի «Այո» նախընտրական շտաբի պետ Վ․Հովակիմյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լ․Մակունցին

Հարգելի գործընկերներ,

Ձեր կողմից տարվող նախընտրական քարոզարշավը մեր ժողովրդին տանում է դեպի փակուղի:

Մենք ուզում ենք հավատալ, որ Ձեր թիմակիցներից ոմանք Ձեզ չարաչար ապակողմնորոշում են՝ հավատացնելով, որ մեր ժողովուրդը մասսայականորեն «Այո» է քվեարկելու եւ որ սոցիալական ցանցերում եւ Հայաստանի, եւ արտերկրի համայնքներում տակավին իշխում են հետհեղափոխական բարձր տրամադրություններ:

Մենք բազմիցս խնդրել ենք հետ կանգնել հանրաքվեից եւ սկսել համահայկական համերաշխության երկխոսություն, որովհետեւ լինելով ժողովրդի մասնիկը, զգում ենք նրա սասանված հավատքը եւ հերթական անգամ խաբված լինելու հետզհետե ձեւավորվող զգացողություն:

Երկխոսության մեր բոլոր կոչերն անպատասխան մնացին, այդ իսկ պատճառով որոշեցինք Ձեզ տեղեկացնել երկրում եւ Ձեր քաղաքական շրջանակում տիրող որոշ մտահոգիչ իրողությունների մասին:

Այո։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, անօրինական հանրաքվեի միջոցով լուծելու Ձեր փորձը երկրում արմատավորում է անօրինականության եւ հեղափոխությունից հետո թուլացած՝ անպատժելիության մթնոլորտ:

Քարոզչություն: «Ոչ»-ի եւ Բոյկոտի ճամբարների նկատմամբ Ձեր կողմնակիցների եւ վարձկանների անկիրթ ու անբարոյական հարձակումները հետ չեն մղում Ձեր ընդդիմախոսներին, ընդհակառակը՝ ավելի է ուժեղացնում նրանց մոտ պայքարելու կամքը:

Ատելություն: Ֆեյքերի եւ ամբարտավան փոքրաթիվ հետեւորդների մի քանի հարյուր մարդկանց ագրեսիվ հարձակումները սոցիալական ցանցերում այլեւս չեն ծառայում իրենց նպատակին, որովհետեւ հասկանալի է դարձել, որ նրանք աննկուն մեծամասնության սուտ պատկեր են ձեւավորել, իսկ հիմա նրանք այլեւս հազիվ թե մի քանի տասնյակ մարդ են կազմում ոչ միայն սոցցանցերում, այլ նաեւ քաղաքական ողջ ճակատում:

Սեւեր եւ սպիտակներ: Ձեր ընդդիմախոսներին սեւեր պիտակավորելով՝ դուք Ձեր դեմ համախմբում եք ոչ միայն հներին, այլ նաեւ դժգոհ զանգվածներին, հիասթափված հեղափոխականներին եւ բոլոր տեսակի մերժվածներին ու վիրավորվածներին:

Հներ: Հներից շատերը, ովքեր պետք է արժանանային պատիժների մինչեւ այս պահը, ոչ միայն հանգիստ գոյություն են պահպանում Հայաստանում, այլ նաեւ աշխույժ գործում են քաղաքական կյանքում: Փոխարենը՝ Ձեր վայ ֊քարոզչամեքենան երեկվա հեղափոխականներին է փորձում պիտակավորել որպես հներ:

Հարգելիներ,

Ատելության, սեւ-սպիտակի ու հների շուրջ ձեւավորված Ձեր քարոզչական արշավը անհեռանկար է եւ Ձեզ առաջնորդում է դեպի կատարյալ ձախողում: Իսկ դա մեզ մեծապես մտահոգում է, որովհետեւ Ձեր ձախողումը կարող է եւ դառնալ հեղափոխության արդար նպատակների ձախողման պատճառ:

Վերոնշյալ իրողություններից ելնելով՝ անսում ենք Ձեզ չեղարկել ապրիլի 5-ի հանրաքվեն եւ սկսել երկխոսություն մեր երկրի ապագային հավատացող եւ նրա համար աշխատող անխտիր բոլոր մարդկանց եւ ուժերի հետ:

Հանրաքվեի «Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ»

11 մարտ, 2020թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031