Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահ. «Վրաստանի ակադեմիայի փոխնախագահը Փաշինյանին խնդրեց՝ խոսեք մեր երկրի ղեկավարության հետ, թող վերադարձնեն մեր ակադեմիան»

Մարտ 11,2020 15:22

«Scopus-ը վերցրել է 10000 գիտական կառույց եւ գնահատել նրանց արդյունքները: Օրինակ, ՀՀ ԳԱԱ ակադեմիան այդ 10000-ի մեջ գրավում է 755-րդ տեղը, Բելառուսի ակադեմիան 1000-րդն է, Ադրբեջանի ակադեմիան 4643-րդն է»,-ՄԱԱ-ում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է ակադեմիայի ինստիտուտներին, հայտնեց, որ այդ 10000-ի մեջ Հայաստանից 14 կազմակերպություն է հայտնվել, որոնցից 12-ը հենց ԳԱԱ-ի ինստիտուտներն են: ԳԱԱ նախագահը սխալ է համարում ակադեմիայի ինստիտուտները ակադեմիայից «պոկելու» միտումը, որը կարող է օրենքի ուժ ստանալ:

Ակադեմիայի երիտասարդացման մասին խոսելիս էլ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ գիտական լուրջ արդյունքները ստացվում են միջին սերնդի գիտնականների կողմից, սակայն Հայաստանում նրանց թիվը փոքր է, իսկ երիտասարդ գիտնականները փորձ են ձեռք բերում միջին եւ ավագ սերնդի գործընկերների մոտ: «Ցավոք, երիտասարդը տեսնում է, որ եթե իր հեռանկարը կապի գիտության հետ, իր ամենատարրական սոցիալական հարցերը չեն լուծվելու, դրա համար դժվար է մեր համակարգ ներգրավել երիտասարդներ: Նրանց դրա համար երաշխիքներ են պետք»,-փաստեց Ռադիկ Մարտիրոսյանը:

ԳԱԱ նախագահն, այնուամենայնիվ նշեց, որ իրենց համակարգի հաստատություններում աշխատողների 35 տոկոսը երիտասարդներ են:

Ինչ վերաբերում է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելուն, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Կոնկրետ այս տեսքով ընդունելու դեպքում կլինի այն վտանգը եւ հետեւանքները, որ առկա է նման տիպի գործունեություն իրականացրած այլ երկրներում: Օրինակ, Վրաստանում շատ վաղուց են դա արել, եւ վրացի գիտնականներն ասում են, որ իրենց գիտությունը մահանում է այդ պատճառով, որովհետեւ նրանց ակադեմիան կա` առանց ինստիտուտների:

Վերջերս էլ մեր ԱԺ 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր մի հարց, որտեղ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասում էր, թե պատգամավորներով գնացել ենք Վրաստան` ուսումնասիրելու նրանց փորձը: Նա ասաց նաեւ, որ վրացի գործընկերներն ասել են` դուք մեր սխալը չանեք, ակադեմիայի ինստիտուտները «չպոկեք» ակադեմիայից, թե չէ ձեր գիտությունն էլ կմեռնի:

Ի դեպ, ԳԱԱ 75-ամյակին, որը 2018թ աշնանն էր, մեր հյուրերի շարքում էր Վրաստանի ԳԱԱ նախագահի տեղակալը: Նա վերջում մոտեցավ Փաշինյանին ու ասաց` պարոն վարչապետ, խնդրում եմ, խոսեք մեր երկրի ղեկավարության հետ, թող վերադարձնեն մեր ակադեմիան: Ղազախստանում էլ դա արել են մի 15 տարի առաջ, հիմա ինստիտուտները հետ են բերում, դժգոհ են նաեւ Մերձբալթյան երկրներում, իսկ եվրոպական երկրներում, ակադեմիաներն ինչպես եղել են, այդպես էլ մնացել են»,-շեշտեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031