Այսօր Սիսանում «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանցի տղամարդու հետ կապված միջադեպին, որը տեղի էր ունեցել Գյուլագարակում քարոզարշավի ժամանակ ու համացանցում աղմուկ էր բարձրացրել: Տղամարդը՝ Մեխակ Առաքելյանը, երբ մոտեցել էր վարչապետին, վերջինս կոշտ արձագանքել էր, թե առողջ տղամարդը կգա մեկ ուրիշ առողջ տղամարդու կասի՝ տանս հարցը լուծի՞, ոտ ունես, ձեռ ունես:
Վարչապետը նախ ասաց, թե ինչ ծրագրեր են իրականացնում՝ քաղաքացու վիճակը բարելավելու համար, խելացի անասնագոմեր են սարքում, աղքատությունը հաղթահարելու ծրագրի մեջ են ներառում, կով են տալիս, անասնաբույժի վճարում, որ կովին նայի, քաղաքացիներին փող են տալիս, որ իրենց կովը պահի, այսինքն, ամեն ինչ անում են, որ մարդը հաղթահարի. «Ենթադրենք, մարդը գալիս է, ասում է՝ հաց չունեմ ուտելու: Լավ, հանեցինք 1 մլն դրամ տվեցինք, այդ մեկ միլիոնը սպառվեց, մի ամիս, հինգ ամիս, թե տասը ամիս հաց առավ, կերավ, հետո՞ ինչ է լինելու: Էլի մի միլիոն տվեցինք, ուտելիք առավ՝ կերավ, հետո՞ ինչ է լինելու, էլի, էլի, այդպես մինչեւ ե՞րբ ու այդպես քանի՞ հոգու»: Ըստ նրա, ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը ավելի զարգանա, ոչ թե խեղճանա, որ մարդն իր ուժերին հավատա:
Ինչ վերաբերում է կուրթանցու դեպքին, վարչապետը խոստովանեց՝ երկու սխալ է թույլ տվել. «Առաջինը՝ ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող է կաշկանդվեր, ասեր՝ գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ: Ես իմ այս երկու սխալի համար ուզում եմ Առաքելյան Մեխակից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել: Ես ասել եմ, որ մենք մարդ են, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ եւ անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս միջադեպի արդյունքում Մեխակ Առաքելյանի ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում ու հույս ունի, որ այն աջակցությունը, որը նա կստանա, կլինի զարգացման աջակցություն:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեպք է եղել, սեպտեմբերին մարդուն տվել են տուն, նոյեմբերին եկել է ու ասել՝ գիտես, հոսանքս անջատել են, չեմ կարողանում վճարել, հոսանքի փողը վճարել են, եկել, ասել է՝ այդ հոսանքի փողը չի հերիքում, որ տունը ջեռուցենք. «Պարզ է, որ մենք պետք է քաղաքացու կողքին լինենք, բայց եթե մենք նրան չենք օգնում, որ ոտքի կանգնի, դա մարդուն վատություն է»:
Փաշինյանը խոստովանեց, որ ինքը ագրեսիվ է երբեմն ու ասաց, որ իր ագրեսիվությունը կապված է Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքի բովանդակության հետ, երբ մայրը որդուն ասում է՝ լավը չես, խեղճ ես. «Իմ ագրեսիվությունը սրա հետ է կապված: Ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը: Ես չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ