«Գիտությունն այնպիսի բնագավառ է, որ պահանջում է որոշակի պետական հոգածություն, ինչը տարբեր երկրներում տարբեր է: Այն երկիրը, որն ուզում է հեռանկար ունենալ, գիտության հանդեպ նրա հոգածությունը մեծ է լինում, տրամադրում է բավականաչափ անհրաժեշտ միջոցներ եւ ստանում այնպիսի արդյունքներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:
Իսկ այն երկիրը, որը քիչ ռեսուրսներ ունի, տարբեր բնագավառներում խնայողություններ է անում, երբեմն հնարավորություն չի ունենում նույնիսկ նվազագույն միջոցներ տրամադրելու, այդ պարագայում հանդես են գալիս տարբեր հիմնավորումներ, թե այն գումարները, որ տրամադրվում են, արդյունավետ եւ նպատակաուղղված չեն օգտագործվում, կառավարման համակարգը օպտիմալ չէ: Այսինքն, եթե գումարը քիչ է, ինչպես էլ բաշխեք, սխալ է լինելու»,-ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով գիտության կառավարման խնդիրներից՝ ոլորտի կարգավորման ՀՀ նոր օրինագծերի համատեքստում:
Aravot.am-ի հարցին` մի՞թե գիտությունն ու ԳԱԱ-ն նույնն են, Ռադիկ Մարտիրոսյանը կարճ պատասխան տվեց. «Գիտությունը գիտություն է, իսկ ԳԱԱ-ն կառույց է, որտեղ մարդիկ զբաղվում են գիտությամբ»:
Նրա ձեւակերպմամբ, քանի որ մեր երկիրը տնտեսապես հզոր չէ, գիտությանը տրամադրվող միջոցները միշտ համեստ են եղել եւ չեն բավարարել, բայց մյուս կողմից՝ մեր գիտությունը աշխարհում ճանաչված է գիտական հանրության կողմից:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
«Եթե մենք փոփոխություններ ենք անում, որպեսզի վիճակը լավացնենք, դա ուրիշ բան է, իսկ եթե դրանք այնպիսի փոփոխություններ են, որ նախօրոք գիտենք, որ դրանից դժվար թե սպասենք լուրջ արդյունքներ, դա էլ փաստ է»,-շեշտեց ԳԱԱ նախագահը:
Ասաց, որ աշխարհում ներկայումս կա 102 ակադեմիա, որոնք տարբեր տարածաշրջաններում միավորվում են եւ տարբեր անուններ ունեն. «Օրինակ՝ եվրոպական 52 ակադեմիաներ միավորված են Միջազգային ակադեմիական եվրոպական համագործակցության մեջ: Մենք վաղուց այդ կառույցի անդամ ենք»,- փաստեց Մարտիրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Անդրադարձ եղավ նաեւ ԳԱԱ-ում արմատական բարեփոխումներին եւ երիտասարդացմանը, ինչպես նաեւ ասպիրանտական տեղերը բուհերի տնօրինությանը տրամադրելուն: Վերջինին Ռադիկ Մարտիրոսյանը բացասաբար է վերաբերվում. «Եթե օրենքի նախագծի հեղինակները նախօրոք նախատեսել են, որ ակադեմիայի համակարգում ինստիտուտները չեն լինելու, բայց որտեղ են լինելու, գրված չէ, դա նշանակում է, որ ասպիրանտական եւ գիտական խորհուրդները ակադեմիական համակարգում չեն, այլ բուհերում են, կամ ուրիշ կառույցներում են: Իսկ հանրահայտ է, որ ինստիտուտների գիտական խորհուրդներն ամենաբարձր մակարդակ են ունեցել եւ այսօր էլ ունեն»:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ուսումնասիրել են վերջին 5 տարիների ընթացքում իրենց գիտական կառույցների արդյունավետությունը:
ԳԱԱ նախագահության մասին էլ խոսեց, որը 15 ակադեմիկոսներից է բաղկացած: «Մենք կարծում ենք, որ նախագահության մեջ պետք է լինեն տնտեսության, բուհերի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, եւ պարտադիր չէ, որ նրանք լինեն ակադեմիկոսներ: Մենք ենթադրում ենք, որ ակադեմիայի նախագահը ոչ թե ընտրովի լինի, այլ երկրի ղեկավարը նշանակի ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից ընտրված 2-3 թեկնածուներից»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ