«Արտանիշ թերակղզին գտնվում է Սևանի հյուսիսում, այնտեղ աշխատանքները, որպես շարունակական պեղումներ, առաջին անգամ են իրականացվում, երկրաբանների հետ մենք իրականացրել ենք երկրաքիմիական հետազոտություններ՝ պարզելու համար, թե հողի մեջ ինչ այլ էլեմենտներ կան, որ բնականից դուրս են: Հետազոտությունները կատարել ենք առանց պեղելու, որը նորություն է հայկական հնագիտության մեջ այն առումով, որ սա առաջին փորձն է, որն էլ հետագայում թույլ կտա առանց պեղելու իմանալ, թե այդտեղ ինչ ունենք: Օրինակ՝ եթե մենք ունեցել ենք մետաղե կամ ոսկրե առարկաներ դրանք բնականաբար հազարամյակների ընթացքում քայքայվում են, որի արդյունքում էլ քայքայված էլեմենտները բարձրանում են մակերևույթ, որտեղ էլ պահպանվում են հետագայում: Հատկապես ունենք հուշարձաններ, որոնք ավերվում են և օգտագործվում են որպես վարելահող՝ մակերեսից մենք չենք կարող իմանալ, թե հուշարձանը ինչ է եղել ավելի խորը շերտերում: Իսկ այս մեթոդի միջոցով ավելի հեշտ կարող ենք իմանալ»,- մարտի 11-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Արտանիշի պեղումների մասնակից, հնագետ Մարիամ Ամիրյանը։
Նա նաև նշեց, որ մեթոդը փորձարկելու համար ընտրել են երկու դամբարանադաշտ, որոնք գտնվում են իրարից տարբեր տեղերում՝ Արտանիշ 23-ը և Արտանիշ 29-ը: Ամենահետաքրքիր նյութերը պեղվել են Արտանիշ 29-ից, որը թվագրվում է ք.ա 8-6-րդ դարեր, իսկ Արտանիշ 23-ի հետ կապված հետաքրքիրը ջրի մակարդակի բարձրացում և իջեցումն է, ինչպես գիտենք՝ ջրի մակարդակը բավականին բարձր է եղել, իսկ 20-ականներին իջել է։
Ասուլիսի մյուս մասնակիցը, որը նույնպես մասնակցել է Արտանիշի պեղումներին՝ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը նշեց, հետազոտությունները սկսվել են 2019 թվականից, և, ընդհանուր առմամբ, ունեն հավաքված 14 ամբողջական գանգ, որից երեքը մանկական են, և 10 առանձնացված ստորին ծնոտներ։
«Այս տարի մենք ընդլայնելու ենք կազմը, մեզ միանալու են նաև գերմանացի մեր կոլեգաները, երկրաքիմիկներ, երկրաֆիզիկոսներ, և նաև կունենանք հնագետներ, բացի այդ պեղելու ենք ոչ միայն դամբարաններ այլ նաև բնակատեղիներ, որպեսզի տեսնենք հարաբերակցությունը դամբարանի և բնակատեղիի: Եվ կարծում եմ, որ ավելի հետաքրքիր պատկերներ կունենանք»,- ավելացրեց Մարիամ Ամիրյանը։
Կարդացեք նաև
Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ