Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի իշխանությունը $42 մլն տվել է, զենք են առել, չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն». Փաշինյանի ուշագրավ արձագանքը

Մարտ 11,2020 13:18

«Իրականում ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանն իր գործով դատական առաջին նիստում նման հայտարարություն արեց, որովհետեւ արդեն տարի ու կես է, առիթ եմ փնտրում սա ասեմ»,- այսօր Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «այո»-ի քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ Արցախի թեմային: Նա նախ պարզաբանեց, նախապատմությունը ներկայացրեց, թե ինչ մեղադրանք է առաջադրված Սերժ Սարգսյանին՝ դիզվառելիքի գործով:

Հիշեցնենք, որ դատարանի մոտ Սերժ Սարգսյանը, դիմելով ցուցարարներին, ասել էր. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր»:

Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ զինտեխնիկա են ձեռք բերել. «Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: Ինչի Արցախ պահելը ձեր օլիգարխիական քեֆերի ժամանակ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն է: Բա էն որ դու՝ Սերժ Սարգսյան եւ ձեր ընտանիքի անդամները միլիոններ էիք կուտակում, հիմա էլ թաքցրել եք եվրոպաներում պախկվել ու պախկվում եք, բա Արցախի մասին չէի՞ք մտածում»:

Նա անվանական դիմեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արամ Հարությունյան, Գագիկ Բեգլարյան եւ այլոց՝ ասելով. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»:

Փաշինյանն ասաց, որ զինվորի ինքնազգացողությունը շատ է փոխվել, հիմա գործարանային «յուղը վրեն» ավտոմատներով են կանգնում, ոչ թե 70-ականների զենքերով:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որպես կամավոր գնացել է սահման, այն ավտոմատը, որն իրեն տվել են, 1973 թվի էր. «Ինձնից երկու տարով մեծ էր ու այս մարդիկ եկել են՝ Արցախը պահելուց են խոսում: Նրանք զինվորին ոչ թե սնունդ են տվել, այլ փող են առել, նրանց նպատակը զինվորին սնունդ տալը չէ, արանքում ինչքան կարան մտնեն: Նրանց նպատակը զենք առնելը չի եղել, նպատակը եղել է արանքից ինչքան կարան թռցնեն: Նրանց նպատակը զինվորի շոր ու կոշիկ առնելը չի եղել, այլ՝ արանքում ինչքան կարան քերեն: Եվ այդ ամեն ինչը կանգնեցվել է: Հիմա քրեական գործեր կան: Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք: Դուք մենակ մի տարբերակ ունեք, եթե ժողովուրդն ինձ ասի՝ սխալ եմ ասում, ես կթողնեմ կգնամ իմ գործերին»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ականները պատերազմով են վախեցնում, այդքան հմուտ դիվանագետ էին, թող 2016-ի պատերազմից խուսափեին. «Նրանք Նժդեհի նկարի տակ պախկվելով՝ ոչնչացրել են հայոց ինքնությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031