Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է մետրոյում վարչապետի քարոզչական բուկլետը պատռած աղջկա վարքագիծը։ Նրա հասցեին հնչում են վարկաբեկիչ արտահայտություններ, հայհոյանքներ։ Իսկ ոմանք կատարվածը համարում են վարչապետի կողմից կազմակերպված բեմականացում, որ ցույց տա, թե ինքը որքան լավն է Քոչարյանից, որ աղջկան «մոտակա զուգարանում չեն սպանում»։ Որ վարչապետը, իսկապես, բեմականացումների մեծ սիրահար է, դա բացառված չէ, բայց ելնենք նրանից, որ կատարվածը բեմականացում չէր, եւ աղջիկն արտահայտեց իր վերաբերմունքը վարչապետի եւ նրա անձնական ամբիցիաներին հագուրդ տալուն ուղղված հանրաքվեի նկատմամբ։
Ինչո՞ւ են համացանցի կեղծ բարեպաշտները խառնվել իրար ու այդպես վրդովվել։ Իհարկե, արարքը գեղեցիկ չէ, երբ երիտասարդ աղջիկն այդպես է վարվում մի մարդու հետ, ով, անկախ զբաղեցրած պաշտոնից, հավանաբար, իր հոր հասակակիցն է։ Բայց չմոռանանք, որ վերջին 2 տարում մենք նման տեսարանների հաճախ ենք հանդիպում, եւ նման վարքագիծն արդեն չի զարմացնում։
Հիշենք ոչ հեռավոր անցյալի դեպքերը, երբ ԵՊՀ ուսանողները փակել էին ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դուռը եւ թույլ չէին տալիս նրան դուրս գալ, հետո արգելում էին դուրս գալ նիստերի դահլիճից եւ վանկարկում էին. «Արամ, հեռացի՛ր, ԵՊՀ-ն մոռացի՛ր»։ Ռեկտորը խնդրում էր ուսանողներին հարգել իր տարիքը եւ թույլ տալ, որ անցնի։ Բանը հասավ նրան, որ ռեկտորի վիճակը կտրուկ վատացավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Արամը, որին դիմում էին ուսանողները, ոչ թե ուսանողների կողքի բակի տղաներից էր, այլ՝ պատկառելի տարիքի մարդ, ով մի քանի սերունդ է կրթել։ Ինչո՞ւ համացանցի կեղծ բարեպաշտները չէին վրդովվում, թե «Ռեստարտի» պահվածքն անդաստիարակություն է։ Հակառակը, քաջալերում էին, թե երիտասարդները քաղաքական կամքն են արտահայտում։ Մետրոյի աղջիկը նույնպես արտահայտեց իր քաղաքական կամքը։
Հիշենք նաեւ, թե ինչ եղավ, երբ կաթողիկոսն ուխտի էր մեկնել Գնդեվանք. այնտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին վեհափառի տեղաշարժի ճանապարհը եւ պահանջում էին, որ ապաշխարի եւ հրաժարվի աթոռից։ Անկախ այն բանից, թե հասարակությունը Գարեգին Բ-ին ինչպիսի աշխարհիկ մեղքերի մեջ է մեղադրում եւ ինչ անվստահություն ունի նրա նկատմամբ, կատարվածն անթույլատրելի էր։ Բայց այսօրվա համացանցային կեղծ բարեպաշտները լուռ էին ու չէին բզկտում վեհափառի կարգավիճակը եւ տարիքը չհարգող «հավատավորներին»:
Կարդացեք նաև
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում