Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թալանչիները գնացել են, դե տո՛ւր տունս, Նիկո՛լ, դե արա՛»

Մարտ 11,2020 15:00

Պարզվում է՝ մարդիկ պատգամավորներից պարտքով փող են խնդրում, Փաշինյանից՝ տուն ու դա, ըստ Մարուքյանի, նրանից է, որ ընդդիմադիր Փաշինյանը տարիներով մարդկանց տրամադրել է, որ «Սերժը պիտի անի»:

Գյուլագարակում «այո»-ի քարոզարշավի ժամանակ մի միջադեպ եղավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի խեղճուկրակ տղամարդ ու ասաց, որ Սպիտակում են ապրել, երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել, հիմա Լոռիում են ապրում՝ վագոն տնակում: Վարչապետն էլ տարավ-բերեց ու պատասխանեց. «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու: Բա քեզ նման տղեն բա՞ն է, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞, բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել, լուծել ենք՝ չարչարվելով: Չեմ ասում պալատներ եմ սարքել, 3-րդ մասում 3 սենյականոց բնակարան եմ ինձ համար ստեղծել: Այդ սովորությունը պետք է թարգել: Գնա աշխատի, քո ընտանիքի հարցերը լուծիր»:

Այս միջադեպը համացանցում քննարկումների տեղիք է տվել, հատկապես, երբ պարզվեց, որ այդ տղամարդն իսկապես գլուխը կախ աշխատել է օրնիբուն ու չի հաջողել:

«Առավոտի» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ասաց, որ հարցն ունի քաղաքական կողմ. «Ընդդիմությունը երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորի վատ ապրելը կապել է նախկին ռեժիմի հետ: Հիմա նախկին ռեժիմը գնացել է, իշխանությունը կա՛մ պետք է կանգնի ասի՝ ոչ բոլոր հարցերում էին իրենք մեղավոր, այդքան ռիսկ ունենա, կա՛մ եթե դա չի ասում, քաղաքացին իրեն կանգնացնելու է ասի՝ ես վատ եմ ապրում, դե տուր, թալանչիները գնացել են, տո՛ւր տունս, սարքի՛ր իմ տունը: Ու այդտեղ երբ որ դու իրեն ասում ես՝ ոտ ու ձեռ ունես, այդ մարդը չի ընկալելու: Տարիներով դու իրեն տրամադրել ես, ասել ես, որ ինքը ոտ ու ձեռ ունի, բայց Սերժը պիտի անի: Հիմա էլ ինքն ասում է՝ Նիկոլ, դե արա: Այսինքն, մարդկանց հետ պետք է անկեղծ լինել: Ո՞նց կարող է ամեն ինչի համար իշխանությունը պատասխանատու լինել: Հայաստանը, այո, սահմանադրությամբ հռչակված է սոցիալական երկիր, բայց մարդիկ, տան անդամները ամուսնանում են, երեխեք են ծնվում, պետությունը տո՞ւն է տալիս, նման բան կա՞: Մենք սպաներին չենք հասցնում սկի բնակարաններով ապահովել, երբ որ պարտավոր ենք, հետեւաբար պետք է ընդդիմությունը միշտ մարկանց հետ անկեղծ լինի: Մենք այսօր անկեղծ ենք, մենք ամեն ինչ չենք կապում իշխանության հետ, որ ա՛յ դու վատ ես ապրում, որովհետեւ իշխանությունը վատն է: Երբեք նման բան ես չեմ ասել ու չեմ էլ ասելու, որ վաղը մյուս օրը ես իշխանություն լինեմ, ինձ չասեն: Այդքան հեռուն նա պետք է նայի: Հիմա մարդը մտածելու է՝ բա ո՞նց էր այդպես, ինձ տրամադրել եք, որ Սերժն է ամեն ինչի մեղավորը, այդ մարդն այդ ձեւով է ընկալել ամեն ինչ, հիմա Սերժը չկա, ասում է՝ դե արեք, ապեր, տվեք տունս»:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ զարմացած է վարչապետի արձագանքից. «Վարչապետի համար պիտի որ նորություն չլիներ գործազրկության այն մակարդակը, որը կար ՀՀ-ում: Իշխանությունները կարող են մատնանշել տարբեր տնտեսական ցուցանիշներ, տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականներ… Բայց լավ օրից չէ, որ մարդիկ տուն են խնդրում: Բնականաբար այս դեպքում զարմանալ պետք չէ, այսօր տասնյակ հազարներով մարդիկ գործազրկության խնդիր ունեն: Իշխանութունների գործելաոճը պետք է ուղղված լինի այդ հանգամանքին, մեր երկրում լուծի գործազրկության խնդիրները ու ավտոմատ կերպով կլուծվի նաեւ նմանատիպ խնդրագրերի հարցը, որոնք ուղղվում են: Շատ հեռուն գնալ պետք չէ, ես վստահ եմ, որ իմ բազմաթիվ գործընկերներ՝ թե՛ պատգամավորներից, թե՛ այլ դաշտում գործող, յուրաքանչյուր օր հարյուրավոր նամակներ ենք ստանում՝ տարբեր խնդրանքներով՝ իրատեսականից մինչեւ ամենաանհավանական, ֆանտաստիկայի ժանրից, ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր հազար դոլար պարտքով խնդրելը»: Մենք ճշտեցինք՝ պարտքով փող Ծառուկյանի՞ց են խնդրում, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ պատգամավորներից. «Իսկ Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակների քանակը երբեմն հնարավոր չի լինի օրվա ընթացքում ընթերցել ու վերահսկել: Տասնյակ հազարավոր նամակներ էլ ամեն ամիս ստանում է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը»: Դրանց մեջ կան ե՛ւ իրական խնդիրներով, մտահոգություններով նամակներ, ե՛ւ անհնարինության, երեւակայական դաշտից»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ նման խնդրանքներով են դիմում, որովհետեւ դա իրենց սովորեցրել են նախկին իշխանությունները. «Ձեզ վատ են սովորեցրել, ընտրությունների ժամանակ եկել են, ասել են՝ էս տասը հազարը վերցրեք, 5 հազարը վերցրեք, էս բրինձը վերցրեք, տուկը տանք…»:

Իվետա Տոնոյանը չհամաձայնեց. «Ես չեմ կարծում, որ անգամ եթե 5-10 հազար դրամի որոշակի ակնկալիք մեկն ունի, այդ գումարը բավարար է լինելու 5 տարի գոյատեւելու համար: Բնականաբար, այստեղ մեկը մյուսին հակակշիռ չէ: Եթե մեր երկրում գործազրկության հարցը լուծված լինի, ավտոմատաբար լուծված կլինեն նաեւ ածանցյալ հարցերը: Եթե լինի տնտեսական աճ, տնտեսական հեղափոխություն, մարդիկ ունենան զբաղվածություն, իրենց զբաղվածության խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որեւէ մեկն իր արժանապատվությունից չի հրաժարվի ու խնդրագրերով դիմի ցանկացած մեկին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031