2019-2020 թվականների ընթացքում երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ քննչական մարմիններում հարուցվել եւ քննվում է 13 քրեական գործ, որոնցից 1-ով մեղադրյալի կարգավիճակ անեն 5 անձ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշված մեկ գործը Ռազմիկ Աբրահամյանի եւ մյուսների վերաբերյալ արդեն հայտնի քրեական գործն է, որի նախաքննության ընթացքում պարզվել են երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու եւ առքուվաճառքի նոր դեպքեր, ինչի առթիվ հարուցվել է 2 նոր քրեական գործ։ Հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացրել է, որ դրանցից 1-ը հարուցվել է երեխային ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու, մյուսը պաշտոնեական դիրքն օգտագործելով երեխայի առքուվաճառքի հատկանիշներով։ Նշված երկու քրեական գործերը միացվել են մայր գործին։
Հիշեցնենք, որ մայր գործով 5 մեղադրյալների՝ Ռազմիկ Աբրահամյանի, Լիանա Կարապետյանի, Արշակ Ջերջերյանի, քաղաքացիներ Անուշ Գարսանցյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ այս պահին կիրառված է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց գրավը, ինչի վերաբերյալ բոլոր որոշումները բողոքարկվել են կամ բողոքարկման փուլում են։
Գրավոր հարցմամբ Դատախազությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե 2019 թվականի աշնանից սկսած (ԱԱԾ հաղորդագրությունից հետո)՝ երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, քանի հաղորդում է ստացվել, դրանցից քանիսն է ուղարկվել Ոստիկանության 6-րդ վարչություն, քանիսը՝ Քննչական կոմիտե։ Խնդրել էինք նշել նաեւ, թե հաղորդումների հիման վրա իրականացված ստուգողական աշխատանքները ինչ արդյունք են ունեցել, եւ եթե դրանց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, ապա քանիսը, ինչ հոդվածներով։
Կարդացեք նաև
Ի պատասխան հարցերին՝ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ տասնյակից ավել երեխաների ապօրինի որդեգրումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (խոսքը հենց Ռազմիկ Աբրահամյանի եւ մյուսների գործի մասին է,- խմբ.) գլխավոր դատախազություն է ստացվել նախկին տարիներին ծննդաբերած եւ իրենց երեխաներին տարբեր պատճառներով կորցրած շուրջ 200 մայրերի եւ նրանց հարազատների դիմումներ, որոնց մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն` դիմումներում նշված հանգամանքները եւս դարձել են քննության առարկա։
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում