Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի տնտեսական բաղադրիչը

Մարտ 11,2020 10:00

Երբ 2008 թվականին սկսվեց համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը, Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը հայտարարում էր, որ գլոբալ շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ ձեւով չեն ազդի մեր տնտեսության վրա: Անգամ առաջ էր քաշվում հետեւյալ թեզը՝ եկեք ասենք, որ ամեն ինչ լավ կլինի, եւ գուցե այդ լավատեսական տրամադրությունների ազդեցության տակ ճգնաժամն իսկապես մեր կողքով անցնի:

Բայց տնտեսությունը ենթարկվում է հստակ օրինաչափությունների, եւ հմայախոսքերով, կախարդական բառակապակցություններով ու անգամ աղոթքներով այդ օրինաչափությունները հնարավոր չէ փոխել:

Ներկայիս կառավարության դիրքորոշումն այդ առումով ավելի իրատեսական է՝ կորոնավիրուսը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա: Այս պահին, տնտեսագետների կարծիքով, իրավիճակը տագնապալի չէ:

Հնարավոր ռիսկերը գալիս են հիմնականում երկու աղբյուրներից. 1/ պղնձի գների անկումը համաշխարհային շուկայում եւ 2/ Իրանի հետ փակ սահմանը: Առաջին գործոնի ազդեցությունը, բնականաբար, մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան արագ է Չինաստանը (աշխարհում պղնձի ամենամեծ սպառողներից մեկը) կարողանալու հաղթահարել կորոնավիրուսի հետեւանքները: Այդ երկրում վերջին զարգացումները, կարծես թե, զուսպ լավատեսության հիմք են տալիս: Հայաստանն այժմ պղինձ է վաճառում մեկ տոննայի դիմաց 5400-5600 դոլարով: Դա նորմալ գին է: Սակայն մեր ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն հետագա գնանկմանը եւ հենց հիմա նախօրոք մշակեն տարբեր ռեժիմներով աշխատելու սցենարները՝ օրինակ, եթե պղնձի գինը 5000 դոլարից ցածր լինի: Այդ խնդիրն ունի նաեւ սոցիալական բաղադրիչ՝ հանքարդյունաբերությունում աշխատող մարդկանց կարիքներն ապահովելու տեսանկյունից:

Իրանի հետ փակ սահմանը սակավ վտանգավոր է, քան Իրանից կորոնավիրուսի մեր երկրում տարածումը: Բայց ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրներում, զբոսաշրջային բիզնեսը տուժելու է, եւ ոչ միայն իրանցիների՝ մեր երկիր չգալու պատճառով: Մարդիկ իրենց շրջագայությունները պլանավորելիս անպայման հաշվի կառնեն, այսպես ասած, «տարածաշրջանային» գործոնը: Թերեւս նշանակություն ունեն նաեւ տարբեր, երբեմն գուցե մանր թվացող հանգամանքներ: Օրինակ՝ եթե google-ում որոնում տալուց պոտենցիալ զբոսաշրջիկները հանդիպեն «Ծաղկաձոր» եւ «կորոնավիրուս» բառերի փոխկապակցվածությանը:

…Բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի կառավարության, այսօրվա կառավարությունն ունի արդարանալու անվրեպ միջոց: Ծայրահեղ դեպքում ցանկացած անհաջողության կամ դժվարության պարագայում կարելի է ասել՝ մենք ստացել ենք ծանր ժառանգություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031