Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք՝ թուրքական դեսպանատանը մարտիրոսված հինգ հայորդիների մասին

Մարտ 11,2020 14:00

Գյումրեցի պատմաբան, գրող, հրապարակագիր Արա Նախշքարյանը 5 գրքերի` «Ինչպե՞ս…» (1997թ., բանաստեղծությունների ժողովածու), «Լիզբոնի իմ ընկերները» (2013 թ.,  փաստագրական գրքույկ), «Աստվածադուռ» (201, հայոց արիական դիցարան), «Լիբանանի մեկ օրս 100 տարի» (2016թ., հուշագրություն) եւ վերջերս լույս տեսած «Սրբազան խաչելություն», հեղինակն է:

«Սրբազան խաչելությունը» գեղարվեստական իրապատում պատմվածք է, որը ներկայացնում է 20-րդ դարի 70-80-ական թվականներին լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերն ու հայկական թաղամասերի ինքնապաշտպանական մարտերը: Հեղինակը պատմում է Լիբանանի հինգ հայ երիտասարդների մասին: Նրանք Լիզբոնի թուրքական դեսպանատանը մարտիրոսված հինգ հայորդիներն էին՝ Արա Քըրճըլեանը, Սեդրակ Աճեմեանը, Վաչե Տաղլեանը, Սիմոն Եահնիեանը եւ Սարգիս Աբրահամեանը:

Գիրքը յուրօրինակ հետաքննություն է հիշեցնում. նամակներ, ձեռագրեր, նկարներ, օրվա մամուլից, հերոսների ընտանեկան ալբոմներից, որոնք տեղ են գտել «Հուշալբոմ» բաժնում:

«Այդ օրերին Լիբանանում քաղաքացիական եղբայրասպան պատերազմ էր ընթանում եւ փողոցները լիքն էին արաբ զինվորականներով: Թաղից թաղ անցնելու համար, որոշված սահմանագծերին, հսկում էին պահակները: Բուրջ Համուդ  թաղամասի հայ պահակ-զինվորներին հարկավոր զինապարեն հասցնելու անհրաժեշտություն կար երբեմն: Արաբ զինվորները շրջափակել էին թաղամասն ու միայն անցակետում զննելուց հետո էին թույլատրում բնակիչներին տեղաշարժվելու: Այդ անցակետում երեխաներն անցնում էին առանց ստուգման, գեղեցիկ մանկական դեմքով Արան, որ կողքի թաղամասում այցելում էր «Կունգ Ֆու» մարզաձեւի դպրոց, ամեն անգամ վերադարձին, սպորտային համազգեստի տակ թաքցնելով մեկ-երկու նռնակ, ատրճանակ կամ մեկ բռաչափ փամփուշտ, ձեռքի գնդակը խաղացնելով մեկ օդում, մեկ հարվածելով գետնին, անցնում էր սահմանապահների միջով եւ հասցնում խրամատներ»:

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են գրքի հերոսները շատերի նման հսկում թաղամասի հայկական, մշակութային, կրթական, կրոնական հաստատությունները:

Ներկայացնելով ժամանակաշրջանը, հեղինակը նկարագրում է նախապատրաստական փուլը, երբ հուլիսի 27-ին Պորտուգալիա էին ժամանելու թուրք դեսպանները, կցորդները խորհրդակցության. «1983թ. հուլիս 27, չորեքշաբթի, ժամը՝ 10.30: Պորտուգալիա, Լիսաբոն, Դաս Դեսկոբերդաս պողոտա 22, Թուքական դեսպանատուն:

Ռումբերով եւ սննդի հագեցած պաշարով լցված երկու մեքենա կանգ առավ դեսպանատան դիմաց: Մինչ ոստիկանները կփակեին դարպասները, զինված վրիժառուները, հետնապահ եւ գործողության պատասխանատու Սիմոնի օգնությամբ՝ ներխուժում են տարածք: Սակայն ոստիկանների համառ դիմադրության շնորհիվ, որի ընթացքում վիրավորվում է պորտուգալացի ոստիկաններից մեկը, տղաներին չի հաջողվում գրավել դեսպանատունը եւ նրանք որոշում են մտնել  դեսպանատան պատից, փոխդեսպանի բնակարանը: Որոշումն ընդունված էր: Անկանոն փոխհրաձգությունը շարունակվում էր»:

Գրքի հեղինակը պատմում է, որ երբ հարյուր յոթանասուն ոստիկանով շրջափակված էր հրդեհված շենքը, Արան նկատում է դեսպանի կնոջը, Սեդրակի հետ մոտենում են այրվող կնոջը, փորձում հանգցնել կրակը, ապա. «Սեթոն կնոջն առնելով գրկին, դուրս է բերում շենքից եւ ուժասպառ մարմինը դնում դռների արանքում, որպեսզի նրան առաջին օգնություն ցույց տան»: Արան սենյակից դուրս է բերում նաեւ թուրք դեսպանի որդուն: Ի դեպ, թե կինը, թե որդին մահանում են ճանապարհին, վիրահատության սեղանին:

Տղաներից Արան, որ գնացել էր նման քայլի, ասել էր. «Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանությունն ու այն բոլոր երկրները, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի Հայկական հարցի լուծումը»:

Առանց հուզմունքի չես կարողանում կարդալ հերոսների նամակները, իրենց հարազատներին, Լիզբոն գնալուց առաջ. «Ես հոս եմ, բայց տունէն քիչ մը պիտի բացակայիմ……կարծեցէք, որ բանակումի գացած եմ, նորէն  կը կրկնեմ՝ երբեք չմտահոգուիք»: Նրանք՝ հինգը, երբեք էլ չբացակայեցին հայրենի տնից, նրանց իրավահաջորդները այսօր էլ բարձրաձայնում են նրանց երազանքի մասին. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Արա Նախշքարյանը 2016 թվականի ապրիլի 2-23-ը ՀՅԴ ջոկատի հետ եղել է Արցախի հյուսիսային սահմանագծում, մասնակցել քառօրյա պատերազմին։ Ութ տարի է՝ նա վարում է ՖԲ համացանցային օրագիրը՝ բլոգը:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031