Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ունակ լինենք մեր պատմությունը չներկայացնել բացառիկության սինդրոմով»

Մարտ 11,2020 12:30

Հարցազրույց պատմաբան, վերլուծաբան Վահրամ Թոքմաջյանի հետ

– «Առավոտի» զրույցը ձեզ հետ հասարակության լայն շրջանակների կարծիքով վերջին 20-25 տարում մեր պատմության դասագրքերում տեղ գտած խեղաթյուրված փաստերի մասին է: Ասում են՝ պատմությունը նաեւ քաղաքականացված գիտություն է…

– Ավելին՝ պատմությունը  կրոնականացված է, ծայրահեղականացված է,  ընդհանրապես՝ օրվա ցանկացած գաղափարախոսության խարանն է: Գոյություն ունի պատմություն իր դասական նեղ ընկալմամբ եւ պատմություն, որը գրվում է այսօր ու մեզանից յուրաքանչյուրն է դրա գրողը: Այսինքն՝ այն, ինչը մենք զրուցում ենք հիմա, տասնամյակներ անց դառնալու է ընդհանրապես ուսումնասիրողների համար սկզբնաղբյուր, դա կլինի մշակութաբան, ազգաբան, քաղաքագետ… այսինքն՝ հասարակագիտական դիսցիպլինաներով զբաղվող մարդկանց համար:

– Հասարակության մեջ, մանավանդ վերջին շրջանում, մշտապես այն խոսակցությունն է պտտվում, որ պատմությունն այսօր «գրում է» մերօրյա պատմությունը:

– Մեր ակադեմիական շրջանակները հիմա արդեն զգուշավոր տեքստի կողմնակիցներ են: Աշխարհում այսօր գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ պատմությանը, օրինակ՝  ֆրանսիացիների դեպքում դասագրքերում արտացոլված չէ վերջին 20-30 տարիների իրենց պատմությունը: Բայց քանի որ մեր Երրորդ Հանրապետության պատմության ժամանակաշրջանը ներառում է 30 տարի, մենք նման ճոխություն չենք կարող թույլ տալ:  Մյուս կողմից՝ նեղ ակադեմիական շրջանակներում դա գրվում է, բայց չի հրատարակվում:

– Կարելի՞ է ենթադրել, որ այսօրվա մեր աշակերտը վերջին տասնամյակների պատմությանը պետք է հաղորդակից դառնա, ասենք՝ կես դար անց:

– Նման մոտեցում կա: Անձամբ ես չեմ «կիսում» դա: Ինչո՞ւ, որովհետեւ այդ բոլոր արժեքները առնչվում են անկախության, պետության գաղափարի ու դրանից բխող նշանային համակարգերին, որոնք ամփոփված են նաեւ, եւ հատկապես, Երրորդ Հանրապետության պատմության քառուղիներում: Այն, ինչին ականատես է լինում այսօրվա սովորողը,  սկսած քաղաքական-հասարակական գործընթացներից, վերջացրած կենցաղով, դա այս փուլի պատմության դեպքերի գործընթացների արտացոլումն է: Մեր առօրյան ընդհանրապես հագեցած է պատմություններով, օրինակ՝ անկախության հռչակագիր, մարտի 1-ի դեպքեր եւ այլն: Ի վերջո, այս ամենը հասկանալը ապահովում է պատմությունը:

– Դա այդպես էլ պետք է լիներ, բայց արդյոք պատմության դասագրքերի հեղինակները զուտ մասնագետնե՞ր են, գիտենք, որ ընդգրկված են նաեւ ոչ մասնագետներ:

– Վերջին  երկու տարիների ընթացքում այդ հեղինակային կազմը փոփոխության է ենթարկվել: Դա ենթադրում է, որ մասնագիտական տեքստը գրում է պատմաբանը, բայց մնացած այլ բաղադրիչների շուրջ՝ տեսողական, լսողական եւ այլնի, աշխատում են համապատասխան մասնագետները՝ մեթոդիստներ, հոգեբաններ եւ այլն: Մեկ կարեւոր խնդիր կա. պատմության մասնագետը, ինչպես բոլորը, նախեւառաջ մարդ է, հետեւաբար այստեղ առկա է նաեւ սուբյեկտիվության գործոնը, օրինակ՝ երբ տալիս ենք գնահատական 1990-ականների սկզբի իրադարձություններին, մեկի համար դա հաղթանակի շրջափուլ էր, երկրորդի համար՝ վայրի լիբերալիզմի, երրորդի համար՝ մթի ու ցրտի… Այդ ամենից խուսափելու համար կարեւոր է, որ մենք ներկայացնենք փաստը, իրադարձությունը իր բնական ձեւի մեջ եւ առաջադրանքներով ու լրացուցիչ նյութերով սովորողին հնարավորություն տանք մտածելու, կասկածելու եւ սեփական եզրահանգումներ անելու:

– Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ պարզապես չենք կարող ունենալ, ասենք, տվյալ ժամանակաշրջանի 100 տոկոսանոց ճշմարտացի պատկերը:

– Բնության մեջ 100 տոկոսանոց ոսկի անգամ չկա: Եթե տոկոսների լեզվով խոսենք, կախված պատմական տարբեր շրջափուլերից, սկզբնաղբյուրների ձեւերից, մենք կունենանք ճշմարտության տարբեր ընկալումներ ու չափաբաժիններ: Օրինակ, եթե ունենայինք միայն Փավստոս Բուզանդի երկը, ապա պիտի կարծեինք, որ Պապը կաթողիկոսասպան սրիկա էր, բայց ունենք զուգահեռ աղբյուրներ, որոնց համադրության շնորհիվ տեսնում ենք, որ Պապ թագավորը իր ժամանակի մեջ չհասկացված, ժամանակից առաջ ընկած հեղափոխական բարեփոխիչ էր: Այսինքն՝ եթե դու չես ստեղծել պատմություն, չես եղել այն կաբինետներում, որտեղ ստեղծվել է այդ պատմությունը, ուրեմն դու չես ունենա ամբողջական օբյեկտիվ պատկեր: Այս պահին հիշեցի, որ ներկայացվում էր, թե խորհրդային ժամանակներում Սմոլենսկի եւ Կատինի անտառներում գնադակահարվեց 22 հազար լեհ սպա: Երկար ժամանակ խորհրդային պատմագրությունը դա վերագրում էր ֆաշիստներին, ինչը լավ մոլորեցնող գործիք էր ապացուցելու, թե ինչքան լավն էին բոլշեւիկ առաջնորդները եւ ինչքան վատն էին ֆաշիստները: Բայց 1980-ականներին գործի վերաբացումն ապացուցեց, որ նրանց գնդակահարել են մի հրամանով, որի տակ ստորագրել են Բերիան, Ստալինը, Միկոյանը եւ այլք:

– Գանք մեր օրեր: Օրինակ՝ 1996 թ. պատմական դեպքերը, որոնք շահարկվում են մինչ օրս՝ ընտրակեղծիքներ…

– Դա բարդ իրավիճակ է պատմաբանի համար, որովհետե, այսպես ասած՝ երկու կողմն էլ ողջ են, երկու կողմն էլ ունեն իրենց փաստարկներն ու ենթափաստարկները: Եվ եթե շատ ես ուսումնասիրում թեման, տեսնում ես, որ երկու կողմից էլ եղել են ոչ օրինաչափ գործողություններ: Այստեղ արդեն պատմությունը խնդիր ունի, այն է՝ ինչպես դա արտացոլել: Քաղաքական տեսանկյունից  այդ ժամանակաշրջանի ընդդիմությունը ներառել է նաեւ քրեական տարր, իսկ իշխանությունը չի կարողացել կազմակերպել կասկածների հիմք չտվող ընտրություն: Կարճ ասած՝ սա դառնում է խնդիր պատմաբանի համար՝ ինչպե՞ս դա արտացոլել դասագրքում:

– Գոնե վերջին  երկու եւ ավելի տասնամյակների ընթացքում խոսվում է մեր կրթական ցածր ցենզի մասին… Այնուամենայնիվ, այսօր ունե՞նք երիտասարդ պատմաբաններ, որոնք շատ թե քիչ օբյեկտիվ են ներկայացնում պատմությունը:

– Այո, ունենք, բայց մի քանի վերապահումներով: Պատմություն շարադրելիս կամ պատմական դեպքերին ու իրադարձնություններին գնահատական տալիս պետք է կարողանանք մի կողմ դնել անձնական նախասիրությունները, ինչը շատ դժվար է: Երկրորդ՝ պետք է ունակ լինենք շփվել աշխարհի հետ ու մեր պատմությունը չներկայացնել բացառիկության սինդրոմով կամ լեռներում փակվածի մտահորիզոնով: Անընդհատ հետազոտելու կարիք ունենք եւ ինքներս մեր գրածին կասկածելու: Եվ երբ ինչ-որ փուլում հասկանում ենք, որ այսինչ դեպքի նկարագիրը բավականաչափ սուբյեկտիվ էր, պետք է ունենանք դա ընդունելու քաջություն:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031