Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցնցումները սադրիչների ու դեմագոգների են առաջ բերում»

Մարտ 11,2020 12:00

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի խոսքով՝ «Երկրին պետք է կայունություն»

– Պարոն Բաբայան, Արցախի Պահպանողական կուսակցությունն ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, ձեր ուժերը ինչպե՞ս եք գնահատում եւ ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ ներքաղաքական մթնոլորտ է այսօր Արցախում:

– Այս պահի դրությամբ լարվածություն, որպես այդպիսին, չի նկատվում: Մենք աշխատում ենք անկախ ամեն ինչից: Երբ հարցնում են՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները, իսկ եթե չհասնե՞ք ձեր նպատակին, պարտվե՞ք, դա գիտե՞ք մի փոքր ինչի է նման, երբ պատերազմ է սկսվում, բայց մարդիկ գնում են պատերազմ միայն այն պատճառով, քանի որ հարյուր տոկոսով վստահ են, որ չեն զոհվելու, չեն վիրավորվելու: Պատերազմ պետք է գնաս՝ իմանալով, որ կարող ես ե՛ւ վիրավորվել, ե՛ւ զոհվել: Մենք այս մոտեցմամբ ենք առաջնորդվում:

Այո՛, մենք հույս ունենք, որ կհաղթենք, որ կհասնենք մեր նպատակին, բայց եթե նույնիսկ չի ստացվի՝ ոչինչ: Այստեղ փոքր-ինչ փիլիսոփայական խնդիր է. եթե նույնիսկ չհասնենք մեր նպատակին՝ մենք մեր ժողովրդից չենք նեղանա: Ուղղակի դա արդեն կլինի ախտորոշում, որ հասարակությունում կա լուրջ խնդիր, որովհետեւ, եթե պարկեշտ, բարձր պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած քաղաքական ուժ չանցի խորհրդարան՝ դա կնշանակի, որ մեր երկրում, մեր հասարակության մեջ կան լուրջ հիվանդություններ: Կարճ ասած՝ մենք շարունակելու ենք պայքարել:

– Եթե դուք նախագահ դառնաք՝ հրատապ ի՞նչ խնդիրներ եք լուծելու Արցախում՝ կարճաժամկետ կտրվածքով եւ երկարաժամկետ կտրվածքով՝ ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք գրավիչ կթվան արցախցիների համար: Այսպես ասենք՝ ինչո՞վ է տարբերվում ձեր առաջարկած ծրագիրը՝ մյուս թեկնածուների, կուսակցությունների ծրագրերից:

– Նախագահի պաշտոնը խաղալիք չէ՝ այս կամ այլ մարդու ձեռքին: Երկրին պետք է կայունություն, հզորություն: Այդ իսկ պատճառով, քանի որ մենք պահպանողական կուսակցություն ենք՝ կարեւորում ենք կայունության, արժեհամակարգի պահպանումը, չենք ցանկանում ցնցումներ լինեն երկրում, որովհետեւ ցնցումները սադրիչների ու դեմագոգների են առաջ բերում:

Ի՞նչ ենք անելու մենք… Մենք, նախեւառաջ, շարունակելու ենք ամենակարեւոր ծրագրերը, այսինքն՝ բանակաշինությունը, անվտանգության համակարգը շարունակական ուժեղացնելու ենք՝ Զինված ուժերը, սահմանները: Արմատական փոփոխություններ ենք մտցնելու առհասարակ քաղաքական պետականաշինության փիլիսոփայության մեջ: Ոչ թե վերանայելու ենք հիմնադրույթները, որ՝ Արցախը ժողովրդավարական-սոցիալական երկիր է, որ չկա վերադարձ անցյալին, որ չենք կարող զոհաբերել մեր անկախությունը եւ անվտանգությունը՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերություններում, սրանք մնայուն արժեքներ են:

Ի՞նչ ենք մենք ցանկանում փոխել՝ արմատապես: Առաջինը՝ մենք պետք է պայքարենք սոցիալական արդարության համար, դա հիմնարար է, որովհետեւ չի կարող մի երկիր, որը ստեղծվել, ձեւավորվել է ազգային-ազատագրական պայքարի  արդյունքում, այսինքն՝ օտարի լծի դեմ, արդարության վերականգնման համար, սեփական երկրում արդարություն չկարողանա ապահովել: Երկրորդը՝ արմատական փոփոխություն է պետք սոցիալ-տնտեսական ռազմավարության մեջ: Մենք չպետք է արցախցուն դարձնենք օգնության հույսին ապրող ժողովուրդ: Դրա համար պետք է լայնորեն կիրառենք սոցիալական ներդրումների գաղափարը: Պետք է խրախուսենք, խթանենք, որպեսզի տեղում լինի նախաձեռնողականություն:

Հատուկ ուշադրություն ենք դարձնելու, արմատապես վերանայելու ենք երկրի էկոլոգիական անվտանգությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի բնապահպանության նախարարությունը դառնա գլխադասային կառույցներից մեկը, ինչպիսին է պաշտպանության նախարարությունը, որովհետեւ առանց բնապահպանության նորմերի, առանց բնապահպանության հզոր նախարարության անհնարին է երկարատեւ տեսլականով Արցախ ունենալ: Եթե մենք քանդենք մեր բնությունը՝ էլ ի՞նչ Արցախ, դա ավելի մեծ ավերածություն է, քան թրքական հորդաների արշավանքները: Հետեւաբար, մենք այս ամենին պետք է ուշադրություն դարձնենք:

Բնական է, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարունակենք մեր՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը: Ունենք բազմաթիվ խնդիրներ ե՛ւ ավանդական մարտահրավերներ, եւ նոր մարտահրավերներ են լինելու: Մասնավորապես, ցանկանում ենք կրթության եւ գիտության ոլորտի նոր զարգացում ապահովել, որպեսզի Արցախում մտավորականությունը, վերջապես, վերագտնի իր երբեմնի տեղը: Լավ է, որ մենք կարտոֆիլ, ցորեն ենք արտադրում, բայց միայն դրանով չի երկիրը՝ երկիր: Մի երկրում, եթե ինտելիգենցիան չլինի առաջատար դիրքերում, պետականաշինության գործընթացում՝ այդ երկիրը նորմալ ապագա չունի: Դժբախտաբար, այնպես է ստացվել, որ 1994թ.-ից՝ պատերազմի ավարտից հետո ինտելիգենցիան չի գտնում իր տեղը:

Այսինքն՝ խնդիրները բազմաթիվ են: Բայց մենք գալիս ենք, որպեսզի պահպանենք լավը, փորձենք շտկել թերացումները, եւ ավելի լավ Արցախ կառուցենք: Իսկ դա հնարավոր է:

– Պարոն Բաբայան, դուք երկար ժամանակ աշխատել եք պետական ապարատում, Արցախի ներքաղաքական կյանքին ամենամոտ կանգնած մարդկանցից մեկն եք, այսպես ասած՝ առաջին ձեռքից շատ տեղեկությունների, գործընթացների տեղյակ էիք: Արցախի առաջիկա ընտրությունները ինչո՞վ են տարբերվում նախորդներից, այդքան թեկնածուների թիվը դրդապատճառներ ունի՞: Սպասումնե՞րն են փոխվել, թե՞ թեկնածուներն ունեն իրենց ամբիցիաները եւ համարում են, որ հատկապես իրենք կարող են Արցախում փոփոխություններ իրականացնել:

– Այո՛, համաձայն եմ ձեզ հետ, իրոք՝ մասնակիցների քանակության առումով աննախադեպ է, թեկնածուների նման թիվ մենք երբեք չենք ունեցել: Դա բացատրվում է մի քանի պատճառներով: Նախեւառաջ, կյանքն է փոխվել: Երկիրը դինամիկ զարգանում է: Արցախն ավելի ժողովրդավար է դարձել, տարբեր ուժեր են ձեւավորվում: Տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ, որոնք ինչ-որ առումով նաեւ դրդել են նման զարգացումների, քանի որ վերացվել է մեծամասնական ընտրակարգը, ինչն էլ զարկ տվեց կուսակցությունների զարգացմանը:

Բացի այդ, կա մեկ այլ խնդիր: Սովորաբար մարդիկ ինչո՞ւ են ձգտում իշխանության, պետական կառույցների: Սա չափազանց հետաքրքիր փիլիսոփայական խնդիր է: Կան մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է իշխանությունը: Այստեղ նույնիսկ տերմինաբանությունն է խանգարում: Իշխանություն հասկացությունը, իմ կարծիքով, հայության համար օտար է, եւ իսկապես, դա փոխառություն է, որովհետեւ արմատը՝ «խանն» է: Մինչդեռ հայկականը՝ կառավարիչն է, այստեղ ֆունդամենտալ տարբերություն կա: Բայց՝ «իշխան» լինել՝ շատերն են ուզում, հատկապես, որ տեսնում են, որ այս կամ այն բարձր պաշտոնը զբաղեցնող մարդիկ դուրս են գալիս իրենց ավտոմեքենաներից, դուռն անգամ չեն բացում, վարորդն է բացում, կողքից նայում են, ասում են՝ «մենք էլ ենք ուզում», որովհետեւ իրենք չեն պատկերացնում, որ կառավարիչ լինելը՝ «իշխան», «բեկ», «փաշա» լինելը չէ, դա ուրիշ երեւույթ է, դրանք վայելքներ չեն, ինչպես կարող է միգուցե թվալ: Դրա համար պետք է այնպես վարվենք, որպեսզի վերականգնենք բուն կառավարիչի գաղափարը: Այստեղ էլ անհրաժեշտ են տեսլականի արմատական փոփոխություններ: Կառավարիչներ պետք է լինեն մարդիկ, որոնք օժտված են համապատասխան գիտելիքներով, մաքուր են, պարկեշտ են: Եթե մի անգրագետ գալիս է, հասնում է բարձունքների, պատկերացնում եք, չէ՞, թե դա ինչ խթան է տարբեր դեմագոգների համար՝ փորձել նույն կերպ վարվել:

– Արցախյան հիմնախնդրին անդրադառնանք: Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեբատից ի՞նչ տպավորություն ստացաք, եւ ի՞նչ եք կարծում՝ «Մյունխենյան սկզբունքները», որոնք Փաշինյանը հրապարակեց այդ դեբատից հետո՝ դրանք նոր իրավիճա՞կ են ստեղծել բանակցային գործընթացում:

– «Մյունխենյան սկզբունքներն»  արտացոլում են այն տեսլականը, որը պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ ներկայացնում է: Բնական է, որ պետք է վերականգնվի լիարժեք բանակցային ձեւաչափը, բնական է, որ չկա վերադարձ անցյալին: Ողջունելի է, որ նման մոտեցում ցուցաբերում է նաեւ ՀՀ ղեկավարությունը, պաշտոնական Երեւանը: Հետեւաբար, պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, բայց որպեսզի դրանք դառնան իրոք սկզբունքներ՝ պետք է քրտնաջան, երկարատեւ աշխատանք: Մենք միշտ այդ մասին խոսում ենք, որ ողջունում ենք պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, հաստատակամությունը՝ վերականգնել բանակցային լիարժեք ձեւաչափը, բայցեւ միշտ նշում ենք, որ բնական է, որ Ադրբեջանը կատաղի ձեւով դրան դիմակայելու է, բայց սա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպետք է աշխատենք: Պարզապես, անհրաժեշտ է լավ մշակել մեր գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմով մոտենանք եւ պատկերացնենք, հասկանանք, որ դա երկարատեւ, աշխատատար, ժամանակատար գործընթաց է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դավիթ Բաբայանի լուսանկարները՝ նրա ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 10.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031