Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։
«Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա կա, դիսկերս մաշված են, մի քանի անգամ «Շտապօգնություն» ենք կանչել, եկել ցավազրկել, գնացել են։ Բրոնխիտ ունեմ, որ տվել ա թոքերիս։ Բանակում չեմ ծառայել անգամ, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել։ Հետո ռեմոնտի գործ էի անում, մի քանի տարի Ռուսաստան գնացի, բայց ամեն անգամ խաբվում էի։ Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեխակը՝ նշելով, որ թեեւ իրեն բուժում է հարկավոր, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված միայն ցավազրկողներ է ստանում։
Մեխակի ընտանիքը 10 հոգուց է բաղկացած, որոնք ապրում են վագոն-տնակի երկու փոքրիկ սենյակում։ Կոմունալ հարմարություններից զուրկ շինությունում խոնավությունից քայքայվում է հատակը, թիթեղյա ծածկից խոնավանում է առաստաղը, սանհանգույց չկա։ Խոնավության պատճառով ընտանիքի՝ Մեխակի ու նրա եղբոր 4 անչափահաս երեխաները, որոնցից ավագը՝ 5 տարեկան, առողջական խնդիրներ են ունենում հատկապես ձմեռվա ամիսներին։
«Ամիս ա եղել, որ երեքն էլ միասին եղել են հիվանդանոցում։ Հիմա էլ Մխոյի 1 ու կես տարեկան տղան է հիվանդանոցում, թոքերն ու բրոնխները կոշտացած են, փոքր տղայիս աղջիկն է հիվանդանոցում։ Մինչեւ այս բուժում էինք տանը դեղերով, չօգնեց, պետք է պառկացնենք երեխեքին։ Կիրովականի դեղատանն էլ հենց հիմա 35 հազար դրամ պարտք ենք»,- ասաց Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ժողովուրդի այն հատուածը որ իսկապէս, բառացիօրէն անօթի է, կարեւոր չէ՝ այս իշխանութեան գոյատեւման համար: Քանզի հիմնականօրէն այդ ժողովուրդը չէ որ այս իշխանութիւնը մէջտեղ բերաւ, եւ այդ ժողովուրդը կարողութիւնը չունի այս իշխանութիւնը փոխելու:
Իսկ մնացեալ լայն ու բազմազան հատուածի մը պարագան, հետեւեալն է՝
Շարքային Փաշինյանիստները, 5 կարգեր
https://haytougchamlian.blog/շարքային-փաշինյանիստները՝-5-կարգեր/