168.am. «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։
168.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ են թերթի տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
«Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց խոսքն այն մասին է, որ սոցիալապես անապահով մարդկանց օգնում են որոշակի մասնագիտացում ձեռք բերել, աշխատանք գտնել: Խոսքն այժմ շատ փոքրաթիվ աշխատանքների մասին է: Կազմակերպությունը նորաստեղծ է, մեծ փորձառություն չունի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին, թե ինչո՞ւ այդ կազմակերպությունը հիմա սկսեց իր գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասաց, որ ինքը որևէ կերպ չի մասնակցել այդ կազմակերպության ստեղծմանը կամ մտահղացմանը:
Կարդացեք նաև
«Ինքս իմացել եմ զրույցների ժամանակ և շատ ուրախ եմ դրա համար, որովհետև սա գործունեության այն տեսակն է, որը հարիր է Բելլա Քոչարյանին: Գիտեք նաև, որ Հայ օգնության ֆոնդում է շատ երկար ժամանակ զբաղված եղել բարեգործությամբ, նաև ոսկրածուծի դոնորների հիմադրամում է լայն գործունեություն ծավալել: Կարծում եմ, որ իր գաղափարն է, և, իհարկե, աջակցելու եմ, ինչով որ կկարողանամ: Եթե «Հայկական ժամանակը» գրել է այն տեսանկյունից, որ այդտեղ ինչ-որ գումարներ են հավաքվում, ապա սխալվում է: Առաջարկում եմ հավաքագրվող գումարներ փնտրել ուրիշ հիմնադրամներում, բայց ոչ այդ կազմակերպությունում»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը: