Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եղբայր, օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակված, Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ շատ բան է ուզում պատմել, շատ բանի մասին կուզի կիսվել, բայց տեղեկացրել են, որ շատ բան ասելու իրավունք չունի:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ զինվորականների միջեւ տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝ մարմնական ծանր վնասվածքներով:
Դիմելով քննչական մարմիններին՝ Հարություն Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանն ասաց՝ շատ է ուզում՝ քննչական մարմինները կիսվեն իրենց տեղեկություններով՝ պատճառաբանելով, որ արդեն հինգ-վեց-ամիս սուտ տեղեկություններ են տարածվում, ու ոչ ոք չի հերքում: Իրենք էլ դրա իրավունքը չունեն:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կապ ունի Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ, Զավեն Գրիգորյանը պատասխանեց. «Տրդատ Սարգսյանի հետ հեռավոր բարեկամական կապ կա: Կոնկրետ ես նրա հետ շփում չեմ ունեցել: Իմ եղբայրը նրա օգնականն էր»:
Կարդացեք նաև
Խոսելով իր՝ այս գործին առնչության մասին՝ Զավեն Գրիգորյանը վստահեցրեց. «Երբ դեպքի հաջորդ օրը մարդիկ ցուցմունք են տվել Հարութի դեմ, իմ անունը չի եղել: Տասնհինգ օր դրսում եմ եղել. ոչ մեկի մտքով էլ չի անցել, որ իմ դեմ ինչ-որ մեկը կարող է ցուցմունք տալ: Ես դեպքի վայր եմ հասել, երբ ամեն ինչ ավարտված է եղել: Ուղղակի գցել-բռնել են, որ ավելի հարմար թեկնածու, քան Հարություն Գրիգորյանի հարազատ եղբայրը, չի կարող լինել, դրա համար իմ անունն են տվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ